Կայանալիք նախագահական ընտրությունները Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ պայքարը չեն, այլ ժողովրդի պայքարն իշխանության դեմ: Այդ մասին այսօր՝ հունվարի 21-ին, համակիրների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ըստ նրա` ընտրությունների արդյունքում երկրում հեղափոխություն տեղի կունենա ժողովրդի քվեարկության ճանապարհով: «Մենք իշխանության կգանք ոչ թե իշխելու, այլ ծառայելու համար: Արդեն մեկ տարի անց 50%-ով կբարձրացվի կենսաթոշակը, 50%-ով կավելացվի գիտության եւ բանակի ֆինանսավորումը, կբացվի 180 հազար նոր աշխատատեղ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ նշել է, որ իր ընտրվելուց հետո Հայաստանը պաշտոնապես կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: «2015թ. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանները կամ բաց կլինեն առանց նախապայմանների, կամ էլ ապրիլի 24-ին մենք Ծիծեռնակաբերդում Թուրքիային կհայտնենք մեր նախապայմանների մասին: Ջավախքը կապող օղակ կդառնա Վրաստանի եւ Հայաստանի միջեւ: Ռազմավարական գործընկեր Ռուսաստանը կմնա նույն ռազմավարական գործընկերը, որի հետ հարաբերությունները ուղղահայաց չեն լինի, այլ հորիզոնական` հիմնված փոխադարձ հարգանքի եւ իրական գործընկերության վրա»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am











