Վիեննայում երկու էլեկտրագնացքների բախման հետեւանքով տուժել է 25 մարդ, ընդ որում, հինգ հոգի լուրջ վնասվածք է ստացել: Նրանցից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Մասնավորապես, ծանր վիրավորվել է լոկոմոտիվներից մեկի վարորդը, հայտնում է ORF-ը:

Հիշեցնենք, որ դեպքը պատահել է ժամը 8:45-ին (Երեւանի ժամով` 11:45-ին) քաղաքի 14-րդ թաղամասում ` Պենցինգում: Ներկա պահին Արեւմտյան կայանի եւ Հյուտելդորֆ կայարանի միջեւ երթեւեկությունը դադարեցված է, այնտեղ աշխատում են փրկարարները:

Միայն տեղական ժամանակով ժամը 10:30-ին փրկարարների ջանքերի շնորհիվ, գնացքում գտնվող վերջին ուղեւորները լքել են վագոնները, հաղորդում է ՌԲԿ-ն:

Երկու մերձքաղաքային գնացքների բախման պատճառն եղել է, ենթադրաբար, փոխանցման սարքի մեխանիզմի անսարքությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ավստրիայի երկաթգծերի ներկայացուցիչ Սարա Նեթելը: