Այս զազրելի հանցագործությունն ուղղված է ոչ միայն նախագահի թեկնածուի, ոչ միայն պետական գործչի, այլ նաեւ մեր պետականության դեմ: Այս մասին, Այսօր` փետրվարի 1-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահի թեկնածու, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, ով եկել է տեսակցելու երեկ հրազենային վնասվածք ստացած նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին:
«Ակնհայտ է, որ նրանք, ովքեր կանգնած են հանցագործության հետեւում, նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա:
Բոլորդ վստահ եղեք, որ իրավապահ մարմինները ամեն ինչ անելու են, որպեսզի հանցագործությունը բացահայտվի»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
«Բժիշկներին արդեն շատ բան են արել, վստահ եմ, որ ժամանակին Հայրիկյանն ապաքինվելու է: Առողջություն են մաղթում»,- ընդգծել է նա` չպատասխանելով ոչ մի հարցի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











