Ուկրաինայի ընդդիմությունը գրավել է Կիեւ Քաղաքային խորհուրդը: Մոտ հարյուր մարդ, այդ թվում Գերագույն ռադայի պատգամավորները, քաղաքապետարանի շրջապատումը ճեղքելով` ներխուժել են Սյունազարդ դահլիճ: Նրանք մտադիր են այնտեղ մնալ ամենաքիչը մինչեւ վաղը:

Ընթացող նիստն ընդհատվել է: Ցույցի առիթ է հանդիսացել Կիեւի` ընթացիկ տարվա համար կազմված բյուջեի նախագիծը, որը ձեռնտու չէր ընդդիմությանը:

Ըստ «Ուկրաինայի Կոմսոմոլսկայա Պրավդա»-ի` Կիեւի քաղաքային խորհրդի շենքի մոտ առավոտն սկսվել է ցույցերով, որին մասնակցել են «Ազատություն», «Բատկիվշչինա», «Ուդառ» ընդդիմադիր կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների մոտ 350 ներկայացուցիչներ: Նրանց գլխավոր պահանջը` թույլատրել իրենց ներկա լինել Կիեւի քաղաքային խորհրդի նիստին, որտեղ քննարկվելու էր  2013 թվականի մայրաքաղաքային բյուջեն:

Ընդդիմադիրների հետ հրմշտուքի ժամանակ վիրավորվել է Կիեւի քաղաքային խորհրդի շենքի պահակը: Նրան շենքից հանել են պատգարակով եւ մտցրել են «շտապօգնության» մեքենան:

Կիեւի քաղաքային խորհրդի նիստը հետաձգվել է մինչեւ վաղը` շենքի մոտ կազմակերպված ցույցի եւ նիստի դահլիճում բռնկված անկարգությունների պատճառով: