Ամերիկյան Քալիֆորնիայի նահանգի բնակիչներն ականատես են եղել անսովոր երեւույթի. երկնքում բոլիդ, կրակե գունդ է թռել, որը մարդիկ նմանեցրել են փետրվարի 15-ին Չելյաբինսկում ընկած տիեզերական մարմնին:

Երեկոյան երկնքում կրակե գունդը տեսել են Քալիֆորնիայի նահանգի հյուսիսային հատվածում գտնվող Սենտ Հելենա, Նյուարք եւ Սաքրամենթո քաղաքների բնակիչները:

NBC հեռուստաալիքը տարածել է Սան-Ֆրանցիսկո քաղաքում ավտոմեքենայի տեսաձայնագրությունը, որտեղ երեւում է, թե ինչպես անհայտ օբյեկտը լույս արձակում եւ թռչում ուղիղ երկրի վրա, սակայն շուտով անհետանում է, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Աստղագետ Ջերալդ ՄաքՔիգանի խոսքով՝ այդ երկնաքարը որեւէ կապ չունի Երկիր մոլորակի կողքով անցած DA14 աստերոիդի հետ: Նա պարզաբանել է, որ ամեն տարի Երկիր մոլորակի վրա է ընկնում 15 հազար տոննա «տիեզերական ֆրագմենտներ», որոնք հիմնականում այրվում են մթնոլորտում, չհասնելով երկրի մակերեւույթին:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին, Ուրալում երկնաքարային անձրեւ է եկել, որի հետեւանքով շենքերին մեծ վնաս է հասցվել, տուժել է մոտ 1200 մարդ: