Կիեւի ռեստորաններից մեկում գազի բալոն է պայթել. ըստ վերջին տվյալների` տուժել է 11 մարդ:
Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 17-ի երեկոյան` քաղաքի կենտրոնի Բոլշայա Վասիլկովսկայա 23 փողոցի «Ապրիլ» ռեստորանում:
Պայթյունի ժամանակ հաստատությունում գտնվել են աշխատակիցները եւ այցելուներ. երեք մարդ ստացել են մարմնի մինչեւ 80% այրվածքներ, ութը` տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ: Բոլորը տեղափոխվել են քաղաքի բուժհաստատություններ: Զոհեր չկան:
Ըստ նախնական տեղեկության` հինգհականի բնակելի շենքի նկուղային հատվածում գտնվող ռեստորանի խոհանոցում 20 լիտրանոց բալոն է պայթել: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, սակայն կրակը հաջողվել է մարել 20 րոպեում:
«Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ ռեստորանում պայթյունի ժամանակ ամենից շատ տուժել են մատուցողուհիները, չորս կին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Պայթյունը նաեւ քանդել է ռեստորանի վերեւում գտնվող Լազերային վիրաբուժության կենտրոնը:
Աշխատակիցները պատմել են, որ առաջին հարկում փլուզվել է հատակը:











