Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատություն հրապարակում կայացած մամուլի ասուլիսում խոստացել է պաշտպանել ընտրողների ձայներն իր կյանքի գնով:

«Մենք բոլորս հրաշալի գիտենք, որ Հայաստանի 20-ամյա պատմության ընթացքում ժողովրդի ձայները մշտապես գողացել են, ընտրությունների արդյունքները պարբերաբար կեղծվել են, եւ հասել է ժամանակը, որ ժողովրդի պահանջով մենք պայքար ծավալենք եւ հաղթանակ տանենք: Այդ ցավալի ավանդույթին պետք է վերջ դնել»,- ընդգծել է Հովհաննիսյանը:

Միաժամանակ նա հստակեցրել է, որ պայքարը տանելու է բոլոր սահմանադրական մեթոդներով` հավելելով, թե հետագայում կոնկրետ քայլերը մշակվելու են ժողովրդի հետ լայն քննարկումների արդյունքում:

Որպես հետաքրքիր տարբերակներից մեկը նա նշել է վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումը «որում հայ հասարակությունը եւ մենք բոլորս անխուսափելի հաղթանակ կտանենք»:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, այս պահին բաց երկնքի տակ անցկացվող մամուլի ասուլիսն ավարտվել է: Վաղը ժամը 17-ին Ազատության հրապարակում կայանալու է թեկնածուի հրավիրած հանրահավաքը:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am