Միսուրի նահանգի Քանզաս Սիթիում մեքենան հարվածել է գազատար խողովակին: Հզոր պայթյուն է տեղի ունեցել, բռնկվել են հարեւան տները:
Դեպքի վայր են ժամանել հրշեջների տասնյակ մարտական հաշվարկներ, սակայն հրդեհը դեռ չի հաջողվում մարել, հայտնում է ռուսական «Առաջին ալիքը»:
ՆՏՎ-ն հայտնում է, որ Քանզաս Սիթիի հրդեհից տուժել է 14 մարդ: Դա պաշտոնական թիվն է, ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ վիրավորները 19-ն են:
Բացի Country Club Plaza-ում JJ`s -ի մոտ գազատարին հարվածած բեռնատարի վարկածից, դիտարկվում է նաեւ գազի արտահոսքի վարկածը: Ակումբի շենքը, որտեղ գտնվում է ռեստորանը, մոխրացել է: Հրդեհը տարածվել է հարեւան շինություններում:
Ականատեսները պատմում են բարձր թնդյունի մասին, որից հետո բեկորներն օդ են թռել: Քանզաս Սիթիի քաղաքապետ Ջեյմս Սլայը Twitter-ում քաղաքի բնակիչներին կոչ է արել աղոթել տուժած բոլոր բնակիչների համար եւ չխոչընդոտել հրշեջների աշխատանքը։











