ԱՄՆ Միսսուրի նահանգի Քանզաս Սիթի քաղաքի նորաձեւ ոճային թաղամասում գազի պայթյունից, ապա հրդեհից, վերջին տվյալներով, տուժել է 19 մարդ: Բոլորը տեղափոխվել են հիվանդնաոց, 5-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր 14 տուժածի մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Միսսուրի նահանգի Քանզաս Սիթիում  մեքենան հարվածել է գազատար խողովակին: Հզոր պայթյուն է տեղի ունեցել, բռնկվել են հարեւան տները:

Դեպքի վայր են ժամանել հրշեջների տասնյակ մարտական հաշվարկներ, սակայն հրդեհը երկար ժամանակ հնարավոր չի եղել մարել:

Բացի Country Club Plaza-ում JJ`s -ի մոտ գազատարին հարվածած բեռնատարի վարկածից, դիտարկվում է նաեւ  գազի արտահոսքի վարկածը: Ակումբի շենքը, որտեղ գտնվում է ռեստորանը, մոխրացել է: Հրդեհը տարածվել է հարեւան շինություններում:

Ականատեսները պատմում են բարձր թնդյունի մասին, որից հետո բեկորներն օդ են թռել: Քանզաս Սիթիի քաղաքապետ  Ջեյմս Սլայը Twitter-ում քաղաքի բնակիչներին կոչ է արել աղոթել տուժած բոլոր բնակիչների համար եւ չխոչընդոտել հրշեջների աշխատանքը։