ՀՀԿ խորհրդի նիստն ավարտվել է, սկսվում է գործադիր մարմնի նիստը: Մի շարք ՀՀԿ-ականներ, այդ թվում՝ նախարարներ եւ մարզպետներ, արդեն լքել են ՀՀԿ Կենտրոնական գրասենյակը: ՀՀԿ-ի վերնախավը դեռ շենքում է, պատրաստվում են ԳՄ նիստին: ՀՀԿ կենտրոնական գրասենյակից դուրս եկած ՀՀԿ-ականները խուսափում են պատասխանել լրագրողների հարցերին:
Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ինչպես լուռ եւ ժպտալով եկավ, այնպես էլ հեռացավ: Միայն թե նա նիստի եկավ Մհեր Սեդրակյանի հետ, բայց հեռացավ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանի հետ: Նախարարները եւ մարզպետները եւս չպատասխանեցին իրենց հետագա պաշտոնավարման մասին հարցերին:
ԱԺ պատգամավոր Արման Սահակյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք նրա՞ն են նշանակում Շիրակի մարզպետ, ինչին նա ժխտողական պատասխան տվեց: Իսկ պատգամավոր Տաճատ Վարդապետյանն ասաց, որ իրեն Շիրակի մարզպետ նշանակելու առաջարկ չի եղել, եթե լինի, կմտածի այդ ուղղությամբ:
Ի դեպ, ՀՀԿ խորհրդի նիստից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից հետաքրքվեցինք, թե ուսումնասիրել է ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի հետ կապված դեպքը, ինչին ի պատասխան նա հայտնեց, որ այսօր թաղման էր, դեռ չի հասցրել ուսումնասիրել, վաղը կուսումնասիրի եւ կհայտնի դիրքորոշում:











