Հանրության համար մեծ հաշվով մարտի 1-ը բացահայտված է, դրա հիմնական մեղավորները հայտնի են, այսինքն` կազմակերպիչները հայտնի են, մնում է բացահայտել կոնկրետ կատարողներին եւ այն, ինչ հայտնի է, դրան համապատասխան իրավական տեսք տալ` քրեական գործի, մեղադրական եզրակացության եւ ի վերջո դատավճռի տեսքով: Այս մասին այսօր` մարտի 1-ին, Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե այստեղ եկել եք ՀԱԿ-ի կոչի շրջանակներո՞ւմ, նա այսպես պատասխանեց. «Կարծում եմ` ուղղակի պատշաճ չէ հիմա այստեղ այդ կարգի հարցեր քննարկել, եկել եմ Սուրբ Սարգիս եկեղեցի, եկել եմ 2008թ մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու: Կարծում եմ, որ այսօր հոգեհանգիստն այստեղ է, եկել եմ այստեղ, այո, ՀԱԿ-ն է կազմակերպել միջոցառումը, իսկ ինչո՞ւ չպետք է գայի»:

Նա շեշտեց, որ 2008թ մարտի 1-ի պատասխանատվությունը կրում են այդ ժամանակ պետական հեղաշրջում իրականացրած եւ ՀՀ քաղաքացիների սպանդի միջոցով իշխանության եկած անձինք: «Այս երկիրը կարելի է կառավարել ենթադրենք պետական հեղաշրջան միջոցով իշխանությունը զավթելով, ինչը եւ արել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը»,- նշեց նա:

Անդրադառնալով մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրելու նպատակով նոր հանձնաժողովի ստեղծմանը` պատգամավորն ասաց, որ մարտի 1-ի բացահայատման հարցը չի կարող դուրս օրակարգից, քանի դեռ այդ սպանությունը իրականացրած բոլոր անձինք չեն ենթարկվել օրենքով նախատեսված պատասախանատվության, իսկ մնացածը դետալներ են, որոնք կարող են ինչ-որ պահի փորձել: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ,արտի 1-ի բացահայտման հարցը օրինականության հարց է, եւ եւ այստեղ խոսքը ամբողջական բացահայտման մասին է: Նրա խոսքով` այդ ոճրագործությունը կբացահայտվի այն ժամանակ, երբ Հայաստանում հաստատված կլինի ժողովրդի իշխանություն: «Մարտի 1-ի սպանությունների բացահայտման հարցը երբեք չի կարող դուրս Հայաստանի ժողովրդի օրակարգից, քանի դեռ բոլոր մեղավորները չեն կանգնել դատարանի առաջ եւ օրենքով սահմանված կարգով պատասխան չեն տվել: Իսկ թե որ միջոցը կօգտագործվի այդ հարցը արծարածելիս, քաղաքական ընթացքը ցույց կտա»,- նշեց նա:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէր, թե ինչու առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր մասնակցում պատարագին: