Մեր պայքարը շարունակվում ու կշարունակվի այնքան, մինչեւ ամեն ինչ պարզ դառնա, Հայաստանի քաղաքացին իրենց ՀՀ քաղաքացի զգա: Այս մասին մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը:
Նա նշեց, որ վիրահատվել է եւ այսօր առաջին անգամ է դուրս գալիս, քանի որ չէր կարող չգալ, սակայն ապաքինվելուն պես միանալու է Ազատության հրապարակում պայքարող մարդկանց: «Բոլոր պայքարի ձեւերն իշխանությանը գցելու, արդարացված են: Ես միշտ ժողովրդի հետ եմ, միացած եմ, միանալու բան չունեմ միշտ ժողովրդի հետ եմ: Նշանակություն չունի` ով է առաջնորդում, կարեւորն այն է, որ ժողովուրդն իր արդարացի պայքարը տանում է երկար տարիներ, բնականաբար, դա մի օր արդյունք կտա»,- ասաց Սասուն Միքայելյանը: Հարցին, թե երբ եք գալու հրապարակ, նա պատասխանեց` երբ լավանամ, իսկ բժիշկներն ասում են` հլը կապրես մի քանի օր:
Նոր «մարտի 1»-ը նա հավանական չի համարում: «Ով իրավունք ունի նորից մարտի մեկ կրկնի»,- նշեց նա` շեշտելով, որ փառք ու պատիվ էն տղերքին, ովքեր նահատակվեցին հանուն ազատության, ազատ խոսքի, գնացին դեպի հավերժություն, նրանց հոգիները միացան Կոմիտասին, Անդրանիկին, Արաբոյին, նրանք ազատության մարտիկներ են եւ ազատության համար էլ «Երեւանի սրտում խփվեցին»:
Սասուն Միքայելյանը մարտի 1-ի ողբերգության բացահայտումը չի կապում որեւէ հանձնաժողովի հետ: «Հանձնաժողովներով հարց չի լուծվում: Բոլոր հանձնաժողովները, սկսած հոկտեմբերի 27-ից մինչեւ հիմա, ոչ մի արդյունք չեն տվել: Եթե ուզում ես մի բան կոծկես, պետք է հանձնաժողով ստեղծես»,- նշեց նա:
Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի բացակայությանը` նա նշեց, որ չգիտի պատճառները, բայց «դա չի նշանակում, որ եթե չի մասնակցում, նրա թիմակիցներն այստեղ չեն»:











