Գյումրիում տասնյակ անօթեւան ընտանիքներ կան, որոնք թեեւ երկրաշարժի հետեւանքով կորցրել են իրենց բնակարանները, 25 տարի շարունակ ապրում են ժամանակավոր կացարաններում, սակայն բնակարաններ պետության կողմից չստացան: Նրանք անօթեւանների հերթացուցակում չհաշվառված ընտանիքներն են, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն հասցրել դիմել եւ հերթագրվել մինչեւ սահմանված ժամկետը` 2008 թվականի նոյեմբերի մեկը:

Ըստ գործող կարգի, նրանք փոխհատուցման ենթակա չեն: «Շիրակ կենտրոնի»  ուսումնասիրություններով, նման կարգավիճակ ունեցող Գյումրու անօթեւանների շրջանում մեծ թիվ են կազմում միայնակ տարեցները:

«Մենք այդպիսի վիճակում հայտնված միայնակ մի տարեց կնոջ հանդիպեցինք Գյումրու երբեմնի հզոր, ներկայումս Հովնանյանների սեփականությունը համարվող, ավերակների վերածված «Էլեկտրատեխնիկական գործարանի» բակում տեղադրված, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ փոքրիկ տնակում: Մենք նրան գտանք բավականին երկար փնտրտունքներից հետո, քանի որ այդ գործարանի հսկա բակի մուտքը բոլորի առաջ փակ է: Նրան փնտրում էինք փետրվարի 10-ի լոսանջելեսյան բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ նախկին գյումրեցի մի կնոջ` իր նախկին հարեւանուհու կողմից տրված անվանական գումարը հանձնելու եւ վառելափայտ տրամադրելու նպատակով»,- ասվում է «Շիրակ կենտրոնի» հաղորդագրության մեջ: