Մոսկվայում երկու երեխաներ՝ 4,5 տարեկան տղան եւ 7-ամյա աղջնակը, հրդեհից փրկվել են յոթերորդ հարկից ցած թռչելով, տեղեկացնում է Ռուսաստանի ԱԻՆ-ի կայքը: Երեխաները ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Life News-ի տվյալով, մարտի 4-ին հրդեհի բռնկման պահին երեխաները տանը միայնակ են եղել: Կրակը փակել է ելքը, այդ ժամանակ երկրորդ դասարանցի Վարվարա Պավլենկոն փրկել է եղբոր՝ Ֆեդյայի կյանքը՝ նրան նետելով ներքեւում պատրաստ պահած ծածկոցին: Երեխան հենց դրա կենտրոնում է հայտնվել, գրեթե անմիջապես ցած է թռել նաեւ քույրը՝ ընկնելով «բատուտի» ծայրին եւ դիպչելով դեռեւս այնտեղ գտնվող եղբորը:
Աղջկա վնասվածքները չափազանց լուրջ են եղել, նրան ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել: Նախնական տվյալով՝ նա ուսոսկրի եւ կողերի կոտրվածքներ ունի, ներքին օրգանների վնասվածքներ: Ֆեդյան ավելի հաջողակ է եղել՝ գլխի, ողնաշարի եւ, հնարավոր է, ներքին օրգանների վնասվածքներ է ստացել:
Երեխաները ծնողների հետ եկել էին Օբնինսկից՝ տատիկի քրոջ հուղարկավորությանը մասնակցելու: Ցերեկը մեծահասակները մեկնել են ծաղիկ գնելու, երեխաները մնացել են առանց հսկողության: Հրդեհը կարող էր կրակի հետ անզգույշ վարվելու հետեւանք լինել: Վարյան հասցրել է պատմել, որ եղբոր հետ խաղում էին կրակայրիչով:
Երեխաներից բացի, հրդեհից տուժել է հարեւան բնակարանի բնակչուհին: Ելենա Բոնդարյովան փորձել էր կրակից փրկել երեխաներին, բայց ինքն էր այրման գազեր շնչել եւ շնչուղիների այրվածքներ ստացել: Կնոջը տեղափոխել են Սկլիֆոսովսկիի անվան հիվանդանոց:












