«Լոռիի մարզի Մարց գյուղի գետը եւ շրջակա անտառը գտնվում է աղետալի վիճակում, օգնեք փրկել հայրենի գյուղի բնությունը, օգնեք փրկել մեր երկրի այս հրաշք անկյունը»,- նման բովանդակությամբ նամակ է ստացել NEWS.am-ի խմբագրությունը Մարց գյուղի բնակիչներից Նարեկ Հովհաննիսյանը:

Նամակում նաեւ ասվում է.

«Հերթական բնապահպանական աղետի վտանգը մեր երկրում:

Այս անգամ էլ անկուշտությունը ու անհատների հարստանալու մոլուցքը վտանգի տակ է դրել Լոռիի մարզի Մարցագետի ինչպես նաեւ շրջակա անտառի հետագա գոյության հարցը: Հարկ եմ համարում նշել, որ ձկան պաշարները արդեն վերացել են:

2012թ.-ին գարնանը սկսեց շահագործվել Դեբեդ գետի վտակ Մարցագետի վրա կառուցված հիդրոէլեկտրոկայանը: Նախատեսված էր, որ գետի վերին հոսանքներից ՀԷԿ-ի շահագործման համար օրենքով նախատեսված պետք է վերցնեին ջրի ծավալի 70 տոկոսը, բայց այս պահի դրությամբ գետով գրեթե ջուր չի հոսում, այսպիսով խախտվում է ամբողջ էկոհամակարգը, որի արդյունքում դադարել է կարմրախայտ եւ մուրծի ձկնատեսակների ձվադրման միգրացիան:

Բնապահպանության նախարարության անգործունյա լինելու, համատարած բարձիթողի վիճակի հետեւանքով մի քանի տարի առաջ, մեկ այլ ՀԷԿ-ի կառուցմամբ, ցամաքեց նաեւ հարեւան Դսեղի ձորում գտնվող Չռչանի ջրվեժը, իսկ Խոսրովի անտառի կենդանական աշխարհի ոչնչացման մասին խոսելն արդեն ավելնորդ է: Նույն կեղտի մեջ խրված է նաեւ մշակույթի նախարարությունը, որն էլ զբաղված է հազարամյա հուշարձանների ոչնչացմամբ՝ բոլորիս աչքի առջեւ:

Բացի այս ՀԷԿ-ից գետի վերին հոսանքներում կառուցվում է եւս մեկ նման ՀԷԿ:

5-6 կմ տարածության վրա գետը վերածվել է ծանծաղուտի:

Փոքր ՀԷԿ-ը կառուցվել է առանց թույլտվության, անօրինականօրեն: Փաստաթղթերը չեն ներկայացվել Բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությանը, ինչի մասին Բնապահպանության նախարարությունը հայտնել է 2012թ. մայիսին: Չնայած ահազանգին` նախարարությունն այդպես էլ տեսչական ստուգումներ չանցկացրեց անօրինական ՀԷԿ-ում: Իսկ այժմ բնակիչների նախազգուշացումները իրականություն դարձան. Մարց գետի էկոհամակարգը խախտվում է:

ՀԷԿ-ը շահագործում է «Արգիշտի-1» ընկերությունը, որը գրանցված է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբոր` Սեյրան Դարբինյանի անունով:

Գյուղացիներ ջան Մարցագետը ձերն է, դուք էլ Մարց գյուղի այսօրվա եւ վաղվա լիիրավ տերը: Հուսով եմ , որ ինչպես Թռչկանի ջրվեժի դեպքում, այս անգամ եւս հարցը կդառնա հասարակական հնչեղության խնդիր, եւ հնարավոր կլինի փրկել մեր հայրենիքի հրաշք բնության եւս մի անկյուն:

Լուսանկարում երեւում է, թե ինչպիսի տեսք ուներ գետը մի քանի տարի առաջ, իսկ տեսանյութում կտեսնեք, թե ինչի են այն վերածել այժմ»: