Գարնան գալուն պես, երբ ձյունից արագ հալվեց փողոցների ասֆալտը, հիմնական մտահոգության եւ խոսակցության առարկան Գյումրիում դարձել է ավերված փողոցների թեման: Իսկ տնակային ավաններ տանող փողոցներն առհասարակ անցանելի չեն: Նշենք, որ Գյումրու փողոցները նույնիսկ հետերկրաշարժյան տարիներին նման անմխիթար վիճակում չէին:
Այսօր տնակային ավաններում անօթեւան ընտանիքներին վառելափայտի բաժանման մեր շրջայցը մի իսկական փորձության վերածվեց ճանապարհների անանցանելիության պատճառով, ուստի , «Շիրակ կենտրոնը» որոշեց մի առանձին տեսանյութով անդրադառնալ Գյումրու քարուքանդ վիճակում գտնվող տասնյակ փողոցներից գոնե երկուսի վիճակին:
Ներկայացնելով այս տեսանյութը, «Շիրակ կենտրոնն» ակնկալում է, որ հետեւություններ կանեն նաեւ Գյումրին Հայաստանի հպարտություններից մեկը եւ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք համարող հանրապետական իշխանությունները, որոնք Գյումրիում միայն մեկ կիսակարկատած փողոց գիտեն եւ դրանով են երթեւեկում քաղաքապետարան ու մարզպետարան այցելելիս:











