Նոյեմբերի 2-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա, հաղորդում է Shamshyan.com–ը։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և նշված թաղամասի 220 շենքի 4-րդ բնակարանում հայտնաբերվել է 64-ամյա Հայկազ Հ.-ի դին։
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քր.օր-ի 155 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 1-ին նշված բնակարանում Հայկազ Հ.-ն, Հրազդան քաղաքի բնակիչ 62-ամյա Մայիս Գ.-ն և Սևան քաղաքում հաշվառված 46-ամյա Ալիկ Մ.-ն նշված տանը հացկերույթ են ունեցել օգտագործելով նաև ոգելից խմիչք, որի ժամանակ էլ կենցաղային հարցերի շուրջ նրանց միջև առաջացել է վիճաբանություն, ինչի ժամանակ էլ փոխադարձ հայհոյանքներ են հնչեցրել։
Ըստ օպերատիվ տվյալների, Ալիկ Մ.-ն ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Հայկազ Հ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչը հետո դարձել է մահվան պատճառ։
Քրեական ու համայնքային ոստիկանները տաք հետքերով պարզել են՝ որտեղ է գտնվում կասկածյալ Ալիկ Մ.-ն։ Նրանք մեկնել են նշված հասցե, որը Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասն է, հայտնաբերել են նրան և բերման ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին։ Քննիչի որոշմամբ Ալիկ Մ.-ն ձերբակալվել է։





























