Գյումրիում կրքերը չեն հանդարտվում, նախկին եւ ներկա քաղաքապետները` Վարդան Ղուկասյանը եւ Սամվել Բալասանյանը շարունակում են միմյանց վիրավորել եւ մեղադրանքներ ներկայացնել:
Այս անգամ ամեն ինչ սկսվեց մարտի 15-ին Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Ցայգ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից, որի ժամանակ նա բազմաթիվ մեղադրանքներ է ներկայացրել Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին հասցեին: Նա, միաժամանակ, անդրադարձել է իր ղեկավարած տարիներին` շեշտելով, թե ինչքան աշխատանք է կատարել եւ թե ինչպես էր պահում Գյումրին, մեկնաբանել իր անձի հետ կապվող ֆինանսական չարաշահումները, իրեն ներկայացվող մեղադրանքները: Վարդան Ղուկասյանը նշել է, որ ինքը բանավեճի է հրավիրել Սամվել Բալասանյանին, սակայն վերջինս չի ներկայացել: «Ես չէի էլ կասկածում, որ հանկարծ կներկայանան այդ մարդիկ, որովհետեւ երբ որ լույսը դուրս է գալիս, խավարը փախչում է»,- նշել է նա Դրանից հետո Գյումրիի քաղաքապետի լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով Վարդան Ղուկասյանի հարցազրույցին: «Շուրջ 13 տարի մեր քաղաքի ղեկավար աշխատած անձի հայտարարություններին ու մտքի փայլատակումներին չենք պատասխանելու նույն ձեւաչափով, եւ խնդիրը, բնականաբար, համարձակության կամ փաստարկների պակասը չէ, այլ ընդամենը կա երեք էական հանգամանք: Առաջին. Անլուրջ է մեկնաբանել մի մարդու ասածները կամ վիճաբանել մեկի հետ, ով պաշտոնապես ախտորոշված է որպես հոգեպես ոչ առողջ մարդ, եւ Գյումրիի քաղաքապետը պարտավոր է հոգալ նրա բուժման մասին, որպեսզի սովորության համաձայն նա չխաբի իրեն բուժած արտասահմանյան հիվանդանոցներին, չվճարելով փախնի նրանցից եւ խայտառակի գյումրեցու բարի համբավը: Երկրորդ. կա մի այսիպիսի ասացվածք. պետք չէ վիճել հիմարների հետ, նրանք սկզբից քեզ իջեցնում են իրենց մակարդակին, ապա հաղթում իրենց կենսափորձի շնորհիվ: Սամվել Բալասանյանի կենսափորձը թելադրում է ընդամենը արհամարհել այդ խեղկատակի ցնցումները, որը ձգտում է վերարտադրել խելառ Սարգիսի կերպարը, սակայն աղավաղում է անգամ այն, քանի որ ի տարբերություն Սարգիսի, որը բարի էր եւ ժողովրդից խնդրում էր մեկ ավելորդ աբասի, սա ժողովրդից հափշտակել է վերջին աբասին (քսան կոպեկ) եւ անսահման ագրեսիվ է, չի հանդարտվում, թալանելու մոլուցքով կուրացած մոռանում է, որ ամեն ինչ թալանել ու կերել է, եւ այդ պատճառով հորդորում եմ բոլոր լրատվամիջոցներին, լինել ողջախոհ, ողորմած կեղծանունով հերետիկոսին այսուհետ եթեր չտրամադրել, քանի որ դա իրեն նետում է պատրանքների գիրկը, սրացնում եւ աֆեկտի է հասցնում նրա ախտահարված երեւակայությունը, անհնարին դարձնելով դեւերը նրա ուղեղից քշելու եւ ապաքինելու փոքր հույսը: Երրորդ. ամենակարեւորը Սամվել Բալասանյանը հստակ գիտակցում է, որ այս ամենը պարզապես նպատակ ունի իրեն շեղել իր ստանձնած առաքելությունից, շենացնել մեր քաղաքը եւ հավուր պատշաճի կրել մշակութային մայրաքաղաք տիտղոսը: Սիրելի գյումրեցիներ, քաղաքապետը հավաստիացնում է Ձեզ, որ ոչ մի սադրանք իրեն չի կարող հանել հավասարակշռությունից եւ շեղել ուղուց, մենք միասին շարունակելու ենք կառուցել ու շենացնել մեր քաղաքը, այնպես ինչպես խոստացել էինք, անում ենք եւ պետք է անենք»:
Քաղաքապետարանի լրատվական ծառայության նամակին ի պատասխան հայտարարություն է տարածել Վարդան Ղուկասյանի գրասենյակը` նշելով.
«Ս/թ մարտի 15-ին «Ցայգ» հեռուստառադիոընկերության «Իրականում» հաղորդման շրջանակներում, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մանրամասնորեն պատասխանեց Գյումրու քաղաքապետարանի ներկայիս ղեկավարության կողմից հնչեցրած բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին նախկին քաղաքապետի եւ քաղաքապետարանի նախկին աշխատակազմի գործունեությանը: Վարդան Ղուկասյանի կողմից արված առաջարկը՝ ուղիղ եթերում, դեմ առ դեմ, կազմակերպել հրապարակային քննարկում բոլոր հարցերի վերաբերյալ, ինչպես եւ սպասվում էր, փաստացի մերժվեց: Փոխարենը՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնին քծնանքով եւ նենգությամբ հասած անձը, հաջորդ օրը հանդես եկավ մի պատասխանով, որում տրված որակումները, հերթական անգամ, ապացուցում են, որ գործ ունենք հիվանդ երեւակայություն ունեցող, բարբաջանքներ տարածող, վախերով ապրող մի ստահակի հետ: Այդ պատասխանում տեղ գտած արտահայտությունները բնորոշ են տկարամտությամբ, մտավոր զարգացման բացակայությամբ տառապող հիվանդին: Եվ բնական է, որ այդ գրույթում չէր կարող գեթ մեկ հակափաստարկ ներկայացվել այն բոլոր փաստերի վերաբերյալ, որոնց մասին խոսեց 13 տարի շարունակ գյումրեցիների վստահության քվեին արժանացած, Գյումրու քանիցս ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Գյումրու քաղաքապետի աթոռը այսօր զբաղեցրած, ժողովրդի ձայները գողանալու մեջ հմտացած, այլոց ունեցվածքը մատնությամբ խլողը, ոչ ասելիք, ոչ էլ անելիք ունի ՝ բացի կանացի բամբասանքներ տարածելուց: Մինչդեռ պարզ չդարձավ, թե կառավարման 6 ամիսների ընթացքում, որը կազմում է մեկ կիսամյակ, ինչ է արվել Գյումրիում՝ բացի ժողովրդի նկատմամբ հաշվեհարդար տեսնելուց, մարդկանց բռնել տալուց ու տեռորի ենթարկելուց: Սա է բարոյահոգեբանական փոխված մթնոլորտը:
Սրտի ցավով ենք նշում, որ հանրապետության 2-րդ քաղաքը դատապարված է քաղաքապետի պաշտոնում տեսնել ժամանակավոր տեղապահի հոգեբանությամբ, անհայտ թանաքագույնով կուսակցական պատկանելությունները ճակատին գրող ծանծաղամիտ մեկին, ով ամենուր հայտարարում է, որ իրեն հարկադրանքով են դարձրել Գյումրու քաղաքապետ: Մեզ'գյումրեցիներիս համար պատվաբեր չէ, որ այսօր Գյումրու առաջին դեմքը այն անձն է, ով մի գիշերվա մեջ Ազգային Ժողովի «Ագրարային -արդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խմբից փախավ '«Օրինաց Երկիր» կուսակցություն ու այդ պատճառով ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը ՕԵԿ առաջնորդին մեղադրեց անասնագողության մեջ: Տարիներ անց բոլորը, այդ թվում ՕԵԿ առաջնորդը, համոզվեցին տրված այդ գնահատականի ճշմարտացիության մեջ: Կուսակցությունները թաշկինակի պես փոխող այդ մեկը, այժմ էլ, ըստ քաղաքապետարանում տարածված լուրերի, ցանկանում է անդամագրվել "Ժառանգություն'' կուսակցությանը: Մենք կիսում ենք գյումրեցիների մտահագությունը Գյումրու ներկայիս ղեկավարության անգործության, քաղաքի ետընթացի ու զարգացման հեռանկարների բացակայության վերաբերյալ: Ճշմարիտ է, որ իրեն ղեկավար համարող ապիկարի պատճառով, Գյումրին 6 ամսվա ընթացքում նմանվել է ետերկրաշարժյան քաղաքին: Հրապարակային բանավեճից փախած ու ԶԼՄ-ների մեջքի ետեւում թաքնվողին, որին բոլորը ճանաչում են որպես հուդա, մեր ասելիքը կասենք մի տեղ հանդիպելիս: Ի դեպ, Գյումրու այսօրվա քաղաքապետին բնութագրող վերեւում բերված բոլոր որակավորումները, տարիներ առաջ, տրվել են նրան Ազգային Ժողովում եւ հանրության կողմից: Այսուհանդերձ, մասնավորապես մեծ պահքի շրջանում, նշենք, որ որեւէ մեկի նկատմամբ թշնամանք չունենք եւ որպես քրիստոնեական հավատքի հետեւորդներ, ուզում ենք մեջբերել Ներսես Շնորհալու տողերից՝ խնդրելով' թողություն շնորհել մեր թշնամիներին եւ ատողներին' մեր դեմ գործած հանցանքների համար, որպեսզի նրանք էլ արժանի լինեն Աստծո ողորմածությանը: Թող Աստված իմացություն տա նրանց եւ պահպանի գալիք փորձություններից»:











