Քանի որ մեր այլընտրանքային գործընկեր ԲՀԿ-ն ձմռանը քաղաքական քնի (նկատի ունի ընտրություններին չմասնակցելը) մեջ էր հայտնվել, այժմ համառ փորձեր է կատարում դուրս գալ քնից եւ արթնանալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով թեժ քառօրյային, մասնավորապես` ԲՀԿ-ի կողմից հնչեցված քննադատություններին Երեւանում կատարվող աշխատանքների վերաբերյալ:

Նա նշեց, որ առաջին անգամ չէ, երբ ԲՀԿ եւ իր նման բազմաթիվ կուսակցություններ ընտրություններից առաջ փորձում են բուռն քննադատության ենթարկել իշխող քաղաքական ուժին, եւ բոլորը հիշում են, թե ինչով է ավարտվում իրենց գործելաոճը: Փոխարենը, ՀՀԿ մամուլի խոսնակի խոսքով, իրենք որեւէ մեկի քննադատությունից չեն վախենում, որեւէ մեկի դեմ չեն պայքարելու, այլ պայքարելու են հանուն ավելի լավ Երեւանի: Էդուարդ Շարմազանովի խոսքով` իրենք` Երեւանի  քաղաքապետի գլխավորությամբ, մայիսի 5-ի ընտրություններին պատրաստվում են լավ եւ ճիշտ աշխատանքի դեպքում վստահ են, որ Տարոն Մարգարյանը կվերընտրվի, իսկ ՀՀԿ-ն էլ ֆավորիտ է: Նա  ԲՀԿ-ի գործընկերներին հիշեցրեց քննադատությունից առաջ նայել Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության գործունեությանը, որտեղ ԲՀԿ-ն միաձայն կողմ է քվեարկել մի շարք հարցերին: Մամուլի խոսնակը նշեց, որ տարակուսելի է, երբ մի ամբողջ խմբակցություն ունեցող թիմ փոխարենը այդ խնդիրները բարձրացնի  խմբակցության անդամների միջոցով ավագանու նիստերին, գալիս չստացված շոուներ է փորձում անել, մինչդեռ եթե այդ խնդիրների մասին խոսեր ավագանում խմբակցություն չունեցող կուսակցություն, ապա հասկանալի կլիներ:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ պետք չէ ԲՀԿ-ի գործելակերպից քարոզարշավի հոտ առնել: Նա շեշտեց, որ այս կամ այն անառողջ, անընդունելի, անօրինական երեւույթի ԲՀԿ-ն իր մոտեցումները բարձրաձայնել է միշտ, անկախ նրանից` դա համընկել է ինչ-որ մի համապետական ընտրությունների քարոզարշավային, նախաքարոզարշավային ժամանակահատվածի հետ: «Մենք այդ խնդիրների մասին խոսել ենք տարբեր հարթակներից, տարբեր ամբիոններից, այնպես որ հատուկ ինչ-որ թիրախներ, որ այսօր փորձում են փնտրել, ճիշտ չէ: Մենք որեւէ անձի դեմ որեւէ խնդիր չունենք, բայց եթե որեւէ պաշտոնյա իր պարտականությունը կատարելիս թերանում է, մենք դրա մասին խոսում ենք բաց եւ հրապարակային եւ բնավ կարեւոր չէ` առջեւում ընտրություններ են, թե ընտրությունները արդեն ետեւում են»,- ասաց նա:

Նաիրա Զոհրայանը նշեց, որ եթե բարձրաձայնում են գետանցումներում գիրք վաճառողների խնդիրները եւ դա համընկնում է ավագանու ընտրությունների հետ, ապա մեկը մյուսի հետ պետք չէ կապել, «կա խնդիր, որը պետք է լուծվի եւ որի մասին պետք է բարձրաձայնել»: Իսկ թե ինչու նրանք այդ խնդիրները չեն փորձում լուծել ավագանիի իրենց խմբակցության միջոցով, ապա, Նաիրա Զոհրաբյանի խոսքով,այդ խնդիրները իրենց ավագանին պարբերաբար բարձրաձայնում է: