Ոստիկանության աշխատակիցները կասեցրել են նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մի քանի հարյուր կողմնակիցների չարտոնված երթը Պռոշյան փողոցից դեպի Դեմիրճյան փողոցի ուղղությամբ:

Ոստիկանության աշխատակիցները շրջապատել են Դեմիրճյան փողոցը, մինչ ոստիկանության ներկայացուցիչ բանակցում էր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ` փորձելով համոզել հետ տանել իր կողմնակիցներին: Ոստիկանության փոխանցմամբ, երթն արտոնված չէ, իսկ նախագահի նստավայրում միջոցառումներ են նախանշված:

Հովհաննիսյանն անդրդվելի մնաց եւ, դիմելով իր կողմնակիցներին, հայտարարեց, թե խաղաղ, հանգիստ եւ, ղեկավարվելով իրենց սահմանադրական իրավունքներով, ուղեւորվում են բաղրամյան պողոտայի կողմ. «Նախագահի նստավայրը պատկանում է ժողովրդին, եւ ոչ ոք, լինի Սերժ Սարգսյան, թե Րաֆֆի Հովհաննիսյան, իրավունք չունեն կանխել ժողովրդի երթը»:

Հովհաննիսյանը նաեւ կոչ է արել ոստիկանապետին, պաշտպանության նախարարին խոչընդոտներ չհարուցել ժողովրդի առջեւ. «Տղերք, մի արեք դա: Մենք միայն ուզում ենք օգտվել մեր իրավունքներից, անցնել Բաղրամյան պողոտայով եւ հասնել մինչեւ Ազատության հրապարակ»:

Այս պահին երթի մասնակիցները երգում են Հայաստանի օրհներգը, եւ սպասում, թե ինչ կպատասխանի ոստիկանությունը: Միեւնույն ժամանակ Պռոշյան փողոցի կողմ են բերվում հատուկջոկատայիններով ավտոբուսները: Դեմիրճյան փողոցն ամբողջությամբ արգելափակված է:

Լուսանկարը՝  ԱրսենՍարգսյանի/NEWS.am