Հայաստանը շահագրգռված է TRIPP նախագծի շրջանակում գործնական աշխատանքների օր առաջ մեկնարկով և դրա լիարժեք գործարկմամբ: Այս մասին նոյեմբերի 5-ին՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

«Խոսելով TRIPP նախագծի մասին՝ մենք նկատի ունենք տարբեր ենթակառուցվածքներ. առաջին հերթին, իհարկե, երկաթուղին, էլեկտրահաղորդման գծերը և օպտիկամանրաթելային մալուխները։ Կողմերը շահագրգռված են նաև ապագայում գազամուղի, նավթամուղի և հնարավոր այլ ենթակառուցվածքային օբյեկտների կառուցմամբ»,— նշել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ նախագծի իրագործումը Հայաստանին հնարավորություն կտա երկաթուղային հաղորդակցություն հաստատել միանգամից մի քանի ուղղությամբ։

«Նախ՝ Հայաստանի հյուսիսն ու հարավը միմյանց կկապվեն երկաթուղով՝ Նախիջևանի տարածքով, երկրորդ՝ Հայաստանը կկարողանա երկաթուղային առևտուր իրականացնել Ադրբեջանի հետ, և երրորդ՝ հասանելիություն կստանա երրորդ երկրների ապրանքներին՝ հնարավորություն ունենալով գնել դրանք ու սեփական արտադրանքն իրացնել այդ պետությունների շուկաներում։ Բնականաբար, համանման հնարավորություններ կստեղծվեն նաև Ադրբեջանի համար. այն կկարողանա երկրի հիմնական տարածքը կապել Նախիջևանի հետ և հաղորդակցություն հաստատել Հայաստանի ու երրորդ երկրների հետ»,— ընդգծել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հաղորդակցության ուղիների ապաշրջափակումն ու ենթակառուցվածքների շահագործումը, ինչպես նա հավաստիացրել է, տնտեսական հսկայական հեռանկարներ կբացեն։