Ազատության հրապարակում կարճ ելույթից հետո նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է արել իր կողմնակիցներին գնալ Բաղրամյան պողոտա, որտեղ գտնվում է նախագահական նստավայրը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ոստիկանության աշխատակիցները փորձել են կանխել Մաշտոցի պողոտայի երթեւեկելի հատվածի փակումը, սակայն ընդդիմադիր բազմությունը փակել է Մաշտոցի պողոտան եւ շարժվում է Բաղրամյան պողոտայով:

«Տոնակատարությունն արդեն ավարտվել է, օտարերկրյա հյուրերը օդանավակայանի ճանապարհին են: Եւ այժմ, ձեռքերում պահած Սահմանադրությունն ու մոմերը, որպես հաղթող ժողովուրդ, մենք կգնանք Բաղրամյան 26` մեր նստավայր»,- ասել է Հովհաննիսյանը` ոստիկանությանը կոչ անելով ճանապարհը բացել քաղաքացիների առջեւ:

Ներկայումս Բաղրամյանով երթեւեկությունը դադարեցված է: Ի պատասխան ցուցարարները վանկարկում են «Հայաստան», «Սերժիկ հեռացիր», իսկ հատուկջոկատայինները մահակներով խփում են վահաններին:

Նշենք, որ երթը սկսելուց առաջ` հանրահավաքի ժամանակ ցուցարարները մի քանի անգամ սուլել էին Րաֆֆի Հովհաննիսյանին, երբ նա կոչ էր արել տեւական պայքարի պատրաստվել: «Ժառանգության» առաջնորդի այդ կոչերին ի պատասխան հնչում էին «Հիմա» վանկարկումները:

Դիմելով իշխանություններին եւ իրավապահներին` Հովհաննիսյանը նրանց կոչ է արել բացել դեպի Ծիծեռնակաբերդը` Բաղրամյան պողոտայով, միաժամանակ խոստանալով, որ պետական իշխանության կենտրոնական մարմինների գրոհ չի լինելու: նա խոստացավ, որ երթը կանցնի նստավայրի մոտով եւ կշարունակի իր ճանապարհը դեպի Ծիծեռնակաբերդ: Առավել արմատական տրամադրված զանգվածի կոչերը ակնհայտորեն նյարդայնացրին Հովհաննիսյանին, ով կոչ արեց ոգով ուժեղ տղամարդկանց նպատակամղված պայքար տանել: