ՌԴ Վլադիմիրսկի մարզում վթարի հետեւանքով զոհված Հայաստանի քաղաքացիները եղել են շինարարներ, որոնք աշխատանքի համար ժամանել էին Ռուսաստան: Նշենք, որ վթարի հետեւանքով տուժել է Հայաստանի 6 քաղաքացի, նրանցից 5-ը զոհվել են, իսկ միակ կենդանի մնացածը բրիգադիր Արմեն Վարդանյանն է, ով Պետուշկիի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է:

Այսօր՝ մարտի 9-ին, Ռուսաստանի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից Հայաստանի  ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 8-ին, ժամը 18.57-ին Գյումրի-Մոսկվա թիվ НН 506 չվերթով վայրէջք կատարած օդանավի ուղեւորները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ուղեւորվել են Մոսկվա:

Ճանապարհին` Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանի Բոլդինո բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար . բախվել են «ԳԱԶել» մակնիշի МА 156 37 համարանիշի եւ «Վոլվո» մակնիշի B212BO12 համարանիշի բեռնատար ավտոմեքենաները, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել։

Պատահարի հետեւանքով զոհվել է 8, վիրավորվել` 1 անձ, որոնցից Հայաստանի քաղաքացի` «ԳԱԶել»-ի վարորդ, 47-ամյա Արմեն Վարդանյանը հոսպիտալացվել է Պետուշինսկի քաղաքի բժշկական կենտրոն։ Նրա վիճակը միջին ծանրության է։

Դժբախտ պատահարի հետեւանքով ՀՀ քաղաքացիներ` Զուրաբ Ավագյանը, 50-ամյա Սասունիկ Սարգսյանը եւ Արթիկի բնակիչ Վարդան Վարդանյանը տեղում մահացել են։

Իվանովոյի հայ համայնքում հայտնել են, որ Հայաստանի քաղաքացիները եկել էին աշխատելու շինարարության վրա: «Մեր ներկայացուցիչը Վլադիմիր է գնացել, որ տեղեկություններ իմանա: Զոհերի մարմինները կուղարկենք հայրենիք, գումար կհավաքենք»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են համայնքից:

Կարող է այնպես ստացվել, որ ինքնության ճանաչման ստանդարտ պրոցեդուրան անբավարար լինի: Զոհերի մարմինները ուժգին այրվել են, ուստի չի բացառվում, որ ԴՆԹ-փորձաքննություն անցկացնեն:

Արմեն Վարդանյանի առողջական վիճակի մասին հակասական տեղեկություններ են ստացվում: Սկզբում նշվում էր, որ նա կողոսկրի կոտրվածք եւ գանգուղեղի ցնցում է ունեցել, բայց երեկոյան նշվեց, թե տուժածը գտնվում է կոմայում: