Գայլերի հարձակումները Լոռիի մարզի Ջրաշեն գյուղի տարածքում շարունակում են լուրջ վնասներ պատճառել բնակիչներին: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, հերթական դեպքը գրանցվել է երկու օր առաջ: Գայլերը հարձակվել են սարում գտնվող ոչխարի հոտի վրա, ամբողջությամբ հոշոտել 4 ոչխարի, եւս 4-ին լուրջ վնասներ են պատճառել, որոնք տերերի կողմից ենթարկվել են հարկադիր սպանդի, այնուհետ միսը նետել են շներին:

Գյուղացիները նշում  են, որ սա գյուղում գայլերի հարձակման ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, տարին մի քանի անգամ գայլերը հարձակվում են սարում գտնվող անասունների վրա, բնակիչների փոխանցմամբ եղել են դեպքեր, երբ գայլերը մտել են գյուղ եւ տան բակում գտնվող անասնագոմից ոչխարներ հոշոտել, նրանք մտավախություն ունեն, որ գայլերը մի օր էլ հովիվի ու գյուղի մարդկանց վրա կհարձակվեն:

Բնակիչների փոխանցմամբ՝ իրենք այսքան տարի երբեւէ որեւէ փոխհատուցում չեն ստացել, գայլերի վնասազերծման աշխատանքներ եւս չեն իրականացվում, ու թեեւ գյուղում որսորդներ կան, որոնք կրում են օրինական զենք, վախենում են սպանել գայլերին, պատճառաբանելով, թե իրենց ասել են, որ գայլերի որսն արգելված է եւ սպանելու դեպքում իրենց տուգանքներ են սպասվում: Գյուղացիները պատկան մարմիններից խնդրում են միջոցներ ձեռնարկել:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի/NEWS.am