Ոստիկանության լրատվության վարչությունը պարզաբանում է ներկայացրել Արմեն Մարտիրոսյանի ձերբակալության ժամանակ արված տեսանյութի վերաբերյալ:

«Այսօր համացանցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի՝ ոստիկանական ավտոմեքենայում գտնվելու դրվագով տեսանյութ էր տարածվել:

Ոմանք շտապեցին սեփական «հետաքննություն» իրականացնել՝ փորձելով ճշտել, թե ոստիկանությունն ինչպես եւ ինչքանով է տրամադրում տեսանյութերը, մյուսներն անառարկելի համոզվածությամբ հայտարարեցին, որ դա անկասկած ոստիկանության տեսանյութն է, տարատեսակ վարկածներ առաջ քաշվեցին տեսանյութի տարածման նպատակի, պատճառահետեւանքային կապերի, խորամանկ ու շա՜տ վտանգավոր որոգայթների վերաբերյալ:

Պաշտոնապես հայտարարել էինք, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:

Ծառայողական քննության շրջանակներում պարզվել է, որ նույն օրը Արմեն Մարտիրոսյանի հետ ոստիկանության բաժին բերման է ենթարկվել մի քաղաքացի եւս (ծառայողական քննությամբ տվյալ անձի ինքնությունը պարզվել է, պարզվել է նաեւ, որ նա այս պահին հանրապետությունում չէ): Մեքենայում եղել են երկու ոստիկան, մեկը՝ ղեկին, մյուսը՝ սրահում (սրահում գտնվող ոստիկանը երեւում է տեսագրության մեջ, իսկ ընթացքի պահին վարորդի կողմից տեսագրելը իրատեսական չէ, բացի այդ՝ նկարահանման ռակուրսը միանգամայն այլ է):

Այս ամենից բացի, Արմեն Մարտիրոսյանը պարզաբանում է տվել ԶԼՄ-ներին, որ տեսագրությունը ոստիկանությունը չի արել:

Եվ, այնուամենայնիվ, հետագա շահարկումները բացառելու համար հարկադրված ենք ներկայացնել իրականում ոստիկանության ՀԿԼ վարչության աշխատակցի կողմից արված տեսագրությունը:

Մեկնաբանությունները թողնում ենք «հետաքննողներին»,- ասվում է հայտարարության մեջ: