Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները: Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները։ Ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը հրապարակայնորեն սպառնում էր ընդդիմության այն առաջնորդներին, որոնք դեմ են Ալիևի Սահմանադրությանը, իսկ այսօր Սամվել Կարապետյանը կրկին կալանավորվում է։

Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից։

Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելով՝ Փաշինյանը փորձում է հակաժողովրդավարական մեթոդներով պարտադրել Ալիևի Սահմանադրության ընդունումը։

Նա նույնն արեց 2025 թվականին և ձախողվեց։ Այդ ժամանակ Փաշինյանը ձերբակալեց Սամվել Կարապետյանին, քանի որ վերջինս պաշտպանում էր Հայ Առաքելական եկեղեցին։ Սակայն Փաշինյանին չհաջողվեց կազմաքանդել ու կործանել Եկեղեցին։

Այժմ Փաշինյանը կրկին ձախողվելու է։ Նրան չի հաջողվելու պարտադրել Ալիևի Սահմանադրությունը, քանի որ հայ ժողովուրդը դեմ է դրան, իսկ միասնական ընդդիմությունը չի ընկրկելու Փաշինյանի ճնշումների առաջ և թույլ չի տալու, որ երկիրը տանի զիջումների։

Սամվել Կարապետյանը 2025 թվականին, անգամ կալանքի տակ գտնվելով, համախմբում էր ժողովրդին Հայաստանի ազգային ինքնության և անկախության պաշտպանության շուրջ։ Նա շարունակելու է այդ պայքարը նաև այսօր՝ անկախ իր առջև դրվող խոչընդոտներից։

Միասին մենք «Ո՛Չ» ենք ասելու Ալիևի Սահմանադրությանը և «ԱՅՈ՛» Հայաստանի անկախության պահպանմանը»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ այսօր առավոտյան դատարանը հրապարակեց որոշումը, որով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվեց մեկ ամսով կալանք խափանման միջոցը։

Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին, դատական նիստը շարունակվել է ամբողջ գիշեր։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։

Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am—ին հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։

Ավելի ուշ ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ, նրանք ձերբակալվել են։