Եթե առաջիկա բարեփոխումների արդյունքները տեսանելի չլինեն, ուրեմն մեր կառավարության գործընկերները բավարար չեն աշխատում: Այս մասին այսօր` մայիսի 7-ին, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Դիտարկմանը, թե հասարակությունը դժգոհ էր կառավարության կազմից, բայց ստացվում է, որ եւ հիմնական կազմը եւ վարչապետը մնացին նույնը, Շարմազանովն ասաց, որ բոլոր խնդիրներով հանդերձ ՀՀԿ-ն ստացավ մեր հասարակության մեծամասնության ձայները, ինչը նշանակում է, որ առաջիկայում ավելի արդյունավետ են աշխատելու: Նա ընդգծեց, որ պատրաստ են համագործակցել բոլոր ուժերի հետ, բայց ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարց չեն քննարկել:
Արձագանքելով ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Մանվել Բադեյանի այն արտահայտությանը, թե կան լրագրողներ, որոնց պետք է ծեծել, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հավանաբար կատակ է արել, բայց անհաջող կատակ է եղել:
Հարցին, թե շարունակվո՞ւմ է հակամարտությունը ՀՀԿ-ի երիտասարդ եւ ավագ սերնդի միջեւ, նա պատասխանեց, որ այդ լուրերը ծիծաղելի եւ աբսուրդային են: «ՀՀԿ-ն այն եզակի քաղաքական ուժն է, որտեղ թե սերնդափոխությունը բնականոն է ընթացել, որտեղ սերունդների համերաշխությունն ամուր է: Իսկ այն մարդիկ ովքեր փորձում են քար նետել, պետք է հիշեցնենք, որ իրենք թող զգույշ լինեն, քանի որ ապրում են ապակե տնակում եւ շատ վտանգավոր է այնտեղ ապրողի համար քար նետել ուրիշի վրա: Ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում ավագ սերնդի իմ գործընկերներին, քանի որ առանց նրանց աջակցության, չէինք կարող ունենալ նման բարձր ցուցանիշ»,- ասաց Շարմազանովը:











