Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը որոշակի չափով տեղեկացված է ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի աշխատանքի ազատման մասին, սակայն այս պահին չի ցանկանում մանրակրկիտ անդրադառնալ դրան, քանի որ կարող է սխալվել: Այս մասին այսօր` մայիսի 7-ին, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստից հետո, NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց Սեյրան Օհանյանն՝ արձագանքելով մամուլում տեղ գտած այն լուրին, որ Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկությունն առնչություն ունի զինծառայողի մահվան հետ:
Դիտարկմանը, թե իրականությանը մո՞տ է մամուլում տեղ գտած վարկածը, Օհանյանն արձագանքեց. «Ասում են»:
Անդրադառնալով կառավարության կազմի փոփոխությանը, նա ասաց, որ այն քաղաքական ուժը, որն այսօր հասել է հաջողության եւ ունի որոշակի կշիռ, որոշակի փոփոխությունների իրականացման ճիշտ որոշում է ընդունել:
Դիտարկմանը, թե հասարակությունը դժգոհ էր վարչապետից եւ կառավարությունից, բայց կառավարությունում էական փոփոխություններ տեղի չունեցան, պաշտպանության նախարարը նշեց, որ տարբեր կազմակերպչական միջոցառումներ են անցկացվում, որոնք ուղղորդող նպատակ ունեն: Նա կարծում է, որ անհրաժեշտ են նման միջոցառումները, երբ նշվում են թերությունները, զգուշացնում են 1-2 անգամ: «Նախագահը նման հանդիպումներ շատ է անցկացրել այդ թվում նաեւ մեր նախարարությունում»,-ընդգծեց Օհանյանը:
Նա նաեւ ասաց, որ ռազմական արդյունաբերության զարգացման հայեցակարգի համաձայն՝ միջոցառումների ցանկ են կազմել, որը կառավարությունում համաձայնություն է ստացել եւ ուղղված է ռազմական արդյունաբերության զարգացմանը: «Դրա մեջ նախատեսում ենք բացի հագեցումից եւ նոր տեսակների ձռքբերումից նաեւ արդիականացում: Համագործակցում ենք ՌԴ-ի եւ Լեհաստանի հետ»,-ամփոփեց նա:
Հիշեցնենք, որ «ժողովուրդ» օրաթերթը, վկայակոչելով գլխավոր դատախազությանը մոտ կանգնած աղբյուրները, նշել էր, թե ՀՔԾ նախկին ղեկավար Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկության պատճառը եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Գեւորգ Կոստանյանը:
«Բանն այն է, որ Գ. Կոստանյանը Սերժ Սարգսյանին զեկուցել է ԼՂՀ-ում քննվող մի զինվորի ինքնասպանության գործով մանրամասները, որը ՀՔԾ նախկին պետ Ա. Միրզոյանն առայժմ անհասկանալի պատճառներով փորձել է «կոտրել» զինվորականների վրա: Գործին խառնվել է ընդհուպ մինչեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը»,- գրել էր թերթը:











