Երեւանի ավագանու ընտրություններն անցան փայլուն, որակով եւ ժողովրդավար: Այս մասին, այսօր` մայիսի 7-ին, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ նախագահական ընտրություններն ավելի լավն էին:
Անդրադառնալով ընտրություններին թաղային հեղինակությունների ակտիվությանը, նա ասաց. «Ի՞նչ կապ ունեն ընտրությունները թաղային հեղինակությունների հետ: Ինձ խնդրում եմ այդ արտահայտություններից, գողական ձեւակերպումներից՝ «քուչի տղա», հեռու պահեք: Այդ բառերը ձեր լեքսիկոնից էլ հանելու ժամանակն է»:
Անդրադառնալով ՀՀԿ-ում երիտասարդ գվարդիայի հետ իրենց հավանական հակամարտությանը, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Իմ եւ Շարմազանովի միջեւ չի կարող հակասություն լինել, քանի որ նա իմ տեղակալն է եւ ԱԺ փոխնախագահը կատարում է ԱԺ նախագահի հանձնարարությունները: Երկրորդ՝ ոչ մի հակասություն չի եղել, չի էլ լինելու ապագայում»: Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ իրենք՝ ի դեմս Տարոն Մարգարյանի, ճիշտ ընտրություն են կատարել:
Ինչ վերաբերում է նոր կառավարության կազմին, որը գրեթե չի փոփոխվել, ԱԺ նախագահը նշեց. «Այդ հնարավորությունն ընտրողները տվել են մեր կուսակցությանը, որպեսզի նախագահը նշանակի վարչապետին եւ նշանակել ենք: Հիմա դժգոհություն կա եւ հարգում ենք յուրաքանչյուրի կարծիքը: Մենք բոլորի հետ ուզում ենք աշխատել, թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժերի հետ»: Նա համաձայնեց, որ մարդիկ խոստացված բարեփոխումներն իրենց մաշկի վրա չեն զգում: «Աստված չտա, որ առաջիկա չորս տարում էլ այդպես շարունակվի: Նախագահական ընտրությունները ցուց տվեցին, որ կան խնդիրներ: Պատահական չէր, որ նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ արեց մասնակցել բարեփոխումներին, ստանձնել հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որից նա հրաժարվեց: Ես գտնում եմ, որ ճիշտ կլիներ, որ ընդուներ, որովհետեւ ինքը ստացել էր քվեների 37 տոկոսը եւ այդ իրավունքը վաստակել էր»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:
Այդոըհանդերձ, նա նշեց, որ ՀՀԿ-ն քաղաքական կամքը դրսեւորելու է եւ գնալու է այդ բարեփոխումներին, որոնց ժողովուրդը սպասում է եւ պետք է իր մաշկի վրա զգա: «Հիմա նախագահը կառավարությանը հանձնարարականը տվել է, աշխատավարձերի բարձրացում է սպասվում: Նվազագույն աշխատավարձը հունիսի 1-ից բարձրանալու է տասը հազար դրամով, հունվարի 1-ից քննարկվում է ընդհանրապես աշխատավարձի բարձրացման հարցը: Դրանք քայլեր են, որ պետք է առաջ տանենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Հարցին, թե ինչու հենց տնտեսական բլոկի նախարարները փոխվեցին, նա պատասխանեց, որ տնտեսական աճից են ածանցվում հաջողությունները, ինչպես նաեւ թարմություն է պետք: Խոսելով հավանական կոալիցիայի մասին, ԱԺ նախագահն ասաց. «Յուրաքանչյուր համերաշխություն նպաստում է մեր երկրի առաջընթացին: Այսօր էլ չենք բացառում ԲՀԿ-ի ողջամիտ առաջարկությունները, որը կընդունենք: Այնպես, որ, մենք երբեք չենք ցանկացել միահեծան ղեկավարել այս երկիրը: Դեռ որեւէ այլ քաղաքական ուժ չի առաջարկել, որ մեզ հետ կոալիցիա կազմի, մենք էլ չենք առաջարկել»:











