Ռոստովի մարզի Բելայա Կալիտվա քաղաքում գնացքը գծերից ընկել է, ինչի հետեւանքով բռնկվել են յուղի հինգ եւ պրոպանի երկու ցիստեռններ: Հիվանդանոց է դիմել 27 մարդ: 

Տուժածների թվում են գնացքի մեքենավարը եւ տեղի բնակիչներ: Հիմնական վերքերը ապակու կտրվածքներն են: Տուժածներից մեկը ծանր վիճակում է, նա մարմնի 20%-ի  այրվածքներ է ստացել, հայտնում է RT-ն:

«Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ հրդեհը բռնկվել է մոսկովյան ժամանակով ժ. 02:02-ին: Անմիջապես դեպքի վայր են ուղարկվել 23 հրշեջ մեքենաներ:  Ժ. 03:40-ին հրշեջների ջանքերի շնորհիվ վերացվել է կայարանի մոտ գտնվող բնակելի տներին սպառնացող վտանգը:  Ժ. 05:40-ին հաջողվել է տեղայնացնել հրդեհը:   07:15-ին հաջողվել է լիովին հանգցնել ցիստեռնների  հրդեհը: Տարհանվել են մերտակա շենքերի 300 բնակիչներ:

YouTube-ում ականատեսների տեղադրած տեսագրությունում երեւում է, թե ինչպես են այրվում ցիստեռնները, այնոհետեւ պայթյուն է որոտում, լսվում են ճիչեր եւ աղջկա ձայն, որը կանչում է`  «Սամվե՜լ, Սամվե՜լ»: