Հայաստանի առաջին նախագահ, ներկայումս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել դադարել տրտնջալ: Կոչը վերաբերում էր անմիջականորեն մամուլի ներկայացուցիչներին, սակայն հասցեագրված էր բոլոր հոռետեսներին, ովքեր կասկածում են պայքարի արդյունավետությանը:
Լրագրողուհիներից մեկի հարցին, թե ինչու է ՀԱԿ-ը Երեւանի ավագանու ընտրություններում այդքան քիչ ձայն ստացել (մոտ 4,4 տոկոս), Տեր Պետրոսյանը պատասխանեց. «Սա ընտրությո՞ւն էր ձեր կարծիքով: Ազատ, արդար ընտրությո՞ւն»: Իսկ երբ լրագրողն արձագանքեց, որ ինքը լրագրող է եւ չի ցանկանում պատասխանել այդ հարցին, ԿԱՀ նախագահն ասա. «Այսինքն լրագրողը պետք է սուտ խոսի՞»:
Իսկ երբ լրագրողն ասաց, որ այո, մայիսի 5-ին տեղի ունեցածն ընտրություն է համարում, Լեւոն Տեր-Պետրոսյանն արձագանքեց. «Դե ուրեմն դուք Սերժի կողմնակիցն եք, շնորհակալություն, որովհետեւ այս երկրում բացի Սերժից ուրիշ մարդ սա ընտրություն չի համարում»:
Հետո հետեւեց բանավեճ: Այն հարցին ինչի համար են պայքարում եւ ինչպիսին պետք է լինի հաղթանակը, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Արդեն 5 տարի ասել ենք, որ էս գողերից, ավազակներից պետք է ազատվել: Սա գրավականը չի, սա խնդիրն է, նպատակն է: Եթե չեք համարում, որ գող ու ավազակ են, գնացեք հանգիստ ապրեք»,-հայտարարել է առաջին նախագահը:
Այն հարցին, թե ինչպես պետք է դա անել, նա պատասխանել է` պայքարելով: «Այսինքն ՀԱԿ-ը կրկին փողոցներ դուրս կգա՞»,-փորձել են պարզել մամուլի ներկայացուցիչները: Տեր-Պետրոսյանն էլ պատասխանեց, որ պայքարը միայն փողոցը չէ: «Քաղաքական ուժը, քանի դեռ գոյություն ունի, պետք է պայքարի, ուրիշ բան չկա»:
«Առայժմ արդյունքը տեսանելի չէ»,-լսելի եղավ առաջին նախագահին շրջապատող ամբոխից: «Ուրեմն պետք է ավելի շատ պայքարել, 100 տարի պայքարել»,-պատասխանել է նա:
«Ինչպե՞ս այդ պայքարն արդյունավետ դարձնել»,-հետաքրքրվեց մամուլը: «Եթե պայքարեք, արդյունք կլինի: Այ էսպիսի նվնվոց չպիտի լինի, պիտի չասեք արդյունք չի տվել: Դուք պայքարի ոգին ոչնչացնում եք»,-կտրուկ հայտարարել է առաջին նախագահը:
«Սակայն 2008-ին մենք տեսանք...»,-փորձեցին հիշեցնել լրագրողները: «Եղավ 2008-ին, 3008-ին էլ է լինելու, քանի դեռ կա խնդիր, պետք է պայքարել»,-հայտարարել է առաջին նախագահը:
«Պայքարն արդյունք չի տալիս»,-նկատել են մամուլի ներկայացուցիչները: «Դե գնացեք տանը նստեք, ինչով եք զբաղված այստեղ»,-ասել է Տեր-Պետրոսյանը:
«Ի՞նչ անել»,-կրկին հարց են տվել լրատվամիջոցները: «Պայքարել: Պայքար, պայքար մինչեւ վերջ»,-եզրափակել է Տեր-Պետրոսյանը:











