Այսօր ես դուրս եմ եկել պայքարի, եւ իմ ընկերների հետ պահանջում եմ վերանայել ազատամարտիկների, զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, հայտարարել է Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ով այսօր Ազատության հրապարակում իր մեկ տասնյակ ընկերների հետ նստացույց է հայտարարել: (ֆոտոռեպորտաժ)
«Մենք ազատամարտիկներով, մեր առջեւ դրված խնդիրը՝ պաշտպանել երկիրն ու ժողովրդին, բարձր մակարդակով կատարեցինք: Պատերազմում հաղթած դուրս եկանք, հիմա էլ կառավարության հերթն է, որ նրանք իրենց աշխատանքով, հայրենանվիրությամբ ամեն ինչ անեն, որպեսզի հիմա էլ հաղթած դուրս գանք:
Ես չեմ հարստացել, իմ հարստությունը 6 երեխաներս են, իմ ընտանիքն ու հայ ժողովուրդը»,-հայտարարել է Վոլոդյա Ավետիսյանը՝ հավելելով, որ այսօր չի ամաչում գտնվել այստեղ, այս հագուստով, որը շատ գեղեցիկ է, որովհետեւ արյան գնով է ձեռք բերված:
«Մենք՝ ազատամարտիկներս, նորմալ կենսաթոշակ ենք պահանջում: Այսօր ստանում եմ 85 հազար դրամ կենսաթոշակ, որից 5 հազար դրամը պատերազմին մասնակցելու համար եմ ստանում»,-ասաց նա:
Հարցին, թե եթե նստացույցն արդյունք չտա, ի՞նչ քայլերի են դիմելու, նա պատասխանեց, որ դեռեւս չեն որոշել, հետագան ցույց կտա:
Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ նստացույցը կտեւի մինչեւ մայիսի 14-ը:
Նշենք, որ այսօր առավոտյան Վոլոդյա Ավետիսյանին հրավիրել են ոստիկանության Երեւանի վարչություն, որտեղ նրա հետ հանդիպել է Երեւանի ոստիկանապետը Աշոտ Կարապետյանը: Հետ վերադառնալուց հետո Վոլոդյա Ավետիսյանը հայտնել է, որ Երեւանի ոստիկանապետի հետ մտերմիկ զրույց է ունեցել, ներկայացրել է նստացույցի պահանջները, ասելով, որ դա ուղղված է ազատամարտիկների շահերի պաշտպանությանը: Նրա խոսքով՝ ոստիկանությունում իրեն չեն փորձել հետ պահել ակցիա անցկացնելու մտքից:
Վոլոդյա Ավետիսյանի տարածած հայտարարությանը կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:











