«Սպայկա» ընկերության հրդեհը մարել փորձող հրշեջների աշխատանքը դժվարեցնում են անընդհատ ծագող բռնկման նոր օջախները (ֆոտոռեպորտաժ):
Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր՝ մայիսի 16-ին հայտնեց ԱԻՆ փրկարարական ծառայության պատասխանատու, գնդապետ Հովհաննես Եմիշյանը:
ԱԻՆ տվյալներով՝ հրդեհի մակերեսը մոտ 4500 քմ է, այրվում են շենքի երեք հարկերը: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 26 միավոր հատուկ տեխնիկա, փրկարարական երկու հաշվարկ, ծխից պաշտպանող խումբ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի 114 հրշեջներ եւ փրկարարներ, Արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խումբը:
Եմիշյանը նաեւ հայտնեց, որ շենքում բազմաթիվ փայտե, պլաստմասե եւ այլ հեշտ բռնկվող առարկաներ կան, ինչն էլ բռնկման նոր օջախների առաջացման պատճառ է դառնում. «Հենց որ հաջողվում է հանգցնել մի օջախը, իսկույն մեկ ուրիշն է ծագում, ուստի դժվար է այս պահին կանխատեսումներ անել: Թեեւ բարձր ծխամածությանը, որը որոշակի աստիճանի վնաս է հասցնում քաղաքի բնական միջավայրին, ծուխը երեւանցիների առողջությանը վնասելու ընդունակ թունավոր լուրջ մասնիկներ չի պարունակում»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am











