Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում, քիչ առաջ մեկնարկել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: ՀՀԿ շենքի մոտ անձրեւի տակ կրկին հավաքված են Հանրապետության փողոցի բնակիչները: Նրանք բողոքում են, որ իրենց տները քանդել են, խոստացել, որ նոր բնակարաններ կտան, բայց չեն տվել ու հիմա իրենք հայտնվել են փողոցում:
Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, սովորության համաձայն, նորից մոտեցել է հավաքված մարդկանց եւ զրուցել նրանց հետ: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի խոսքին, թե «այնպես չանեք, որ արդեն ժողովուրդը ոտքի կանգնի», ԱԺ նախագահն արձագանքել է. «Մի ահաբեկեք, ես Ձեզ հետ հանգիստ եմ խոսում»: «Ահաբեկող» քաղաքացին էլ պատասխանել է, թե չեն ահաբեկում, բայց արդեն 6 տարի փողոցում են մնացել:
Հովիկ Աբրահամյանը «Գլենդել Հիլզի» գործողություններից բողոքող քաղաքացիներին հայտնել է, որ նախորդ հանդիպումից հետո իրենց բողոքը փոխանցել է երկրի նախագահին, նաեւ խոսել է «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչ Վահե Յահուբյանին եւ նա պետք է հանդիպեր բնակիչների հետ: Ցուցարարներն էլ նշել են, որ Յաղուբյանն իսկապես հանդիպել է իրենց հետ, բայց ոչ մի խնդիր չի լուծել:
Այս զրույցին ներկա լրագրողները Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվել են, թե չի՞ կարծում, որ երկրում սոցիալական բունտ է հասունանում, ինչին վերջինս բացասական պատասխան է տվել:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները շարունակում են անձրեւի տակ կանգնած մնալ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի շենքի առջեւ:







Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











