Իշխանությունը, ընդդիմությունը, շոու բիզնեսի ներկայացուցիչները եւ պաղպաղակներ, պաղպաղակներ, պաղպաղակներ…այսպես անցավ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը` հունիսի 1-ը Երեւանում (ֆոտոռեպորտաժ. Մաս1, Մաս 2):
Երեւանի Մանկական երկաթուղում NEWS.am-ի կազմակերպած «Գնիր պաղպաղակ, օգնիր երեխաներին» բարեգործական միջոցառման արդյունքում վաճառվել է մոտ 2 հազար պաղապաղակ, իսկ հանգանակվել է 500 հազար դրամ: Բարեգործական ակցիայի շնորհիվ Քարվաճառի շրջանի Նոր Վերինշեն, Նոր Բրաջուր, Նոր Գետաշեն գյուղերի անապահով ընտանիքների դպրոցահասակ 25 երեխաներ առաջիկայում կունենան նոր հագուստ, կոշիկներ եւ այլ անհրաժեշտ իրեր:
Հանուն երեխաների մի քանի ժամով իրենց մասնագիտությունը եւ աշխատանքը փոխել էին բոլորը` ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Կարինե Աճեմյանը, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանը եւ Դավիթ Սանասարյանը, ավագանու ԲՀԿ խմբակցությունից Րաֆֆի Գյոզալյանը, ԲՀԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչներ:
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից հովանոցների եւ պաղպաղակի սառնարանների ետեւում հայտնվել էին դերասաններից Հրանտ Թոխատյանը, Գնել Սարգսյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Նարեկ Հայկազյանը, Անի Երանյանը, երգիչներից Մարիաննա Հովհաննիսյանը, Նարեկ Մակարյանը, Մարին, Դալիթան, Սյուզի Մելիքյանը, Ջուսը, Գուժը, Կարեն Օհանյանը, Նարինե Դովլաթյանը, DJ Վակցինան, հաղորդավարներից` Մարինա Գրեգը, Արեւիկ Ուդումյանը։
Պաղպաղակ գնողների շարքում, ի թիվս բազմաթիվ ծնողների, երեխաների, կային նաեւ հայտնի անձինք։ Մանկական երկաթուղի էր այցելել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ իր չորս թոռների հետ, ով մոտեցավ բոլոր սեղաններին, գումար գցեց արկղերի մեջ, պաղպաղակ գնեց ոչ միայն իր թոռների, այլեւ անցորդների, լրագրողների համար։ Նա, մոտենալով ամեն սեղանի, ողջունում էր նախաձեռնությունը, ջերմորեն բարեւում էր պաղապաղակ վաճառողներին, նույնիսկ՝ երբ նրանք ընդդիմության ներկայացուցիչներն էին, ապա շեշտում էր, որ ինքը որեւէ տարբերություն չի դնում: Պաղպաղակ գնողների շարքում էր նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով այցելել էր որդու՝ Հայկի հետ։ Նա իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու նման բարեգործական միջոցառումներին։
Տեղում ծառայություն էին կատարում նաեւ բազմաթիվ ոստիկաններ, որոնք եւս անմասն չմնացին բարեգործությունից, պաղպաղակ չկերան, քանի որ ծառայության մեջ էին, բայց գումար գցեցին արկղերի մեջ։ Երկաթուղուն հարակից տարածքում էր նաեւ Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը, ով ոչ միայն ներկայացրեց օրվա ընթացքում մայրաքաղաքում տիրող իրավիճակը, ուժեղացված հսկողությունը, այլեւ հիշեց դրվագներ իր մանկությունից; Պարզվում է, որ Երեւանի ՃՈ պետը մանկուց սիրում էր համազգեստ եւ երազում էր ոստիկան դառնալ, պատահական չէ, որ նրա մանկական խաղալիքների շարքում առաջնայինը ատրճանակը եւ ռադիոկապն էին։ Պաղպաղակ վաճառողները «աշխատանքից» հետո դարձան գնորդներ եւ ակտիվորեն մասնակցեցին: Մանկական երկաթուղի էր այցելել նաեւ երգչուհի Քրիստինե Պեպելյանը, ով 200 պաղպաղակ գնեց եւ նկարվեց հավաքված անցորդների հետ:
Այսպիսով, երեխաներին հաջոդվեց մեկ տարածքում, մեկ այգում համախմբել իշխանությանը, ընդդիմությանը, պաշտոնյաններին եւ գործազուրկներին, երգիչներին եւ դեսարաններին, բոլորին, բոլորին, բոլորին։ NEWS.am-ի կոչին արձագանքած եւ Մանկական երկաթուղում հունիսի 1-ի պաղպաղակ վաճառած անձանց էլ հաջողվեց համախմբել անցնող-դարձողներին, ովքեր արագ հաղորդակից եղան անցկացվող ակցիային։
Մանկահասակ եւ մեծահասակ երեխաները պաղպաղակ էին գնում, ուտում, հետո նորից վերադառնում եւ նորից գնում, կամ պարզապես գումար էին նետում արկղերի մեջ։ Նրանք մոտենում էին, զրուցում հայտնի անձինքի հետ, լուսանկարվում, հետաքրքրվում ակցիայի մասին, երեխաներից ոչ պակաս ակտիվ եւ ոգեւորված էին նաեւ ծնողները։ Օրինակ, սերիալներում նկարահանվող հայտնի դերասան Գնել Սարգսյանի սեղանի մոտ հերթեր էին գոյանում, Սեւանի դպրոցից ժամանած մի ամբողջ դասարան ճանաչեց նրան եւ միայն նրա մոտից գնումներ կատարեց: Դերասանը այնքան էր հմտացել այս նոր աշխատանքում, որ արդեն «մտածում էր մասնագիտության փոփոխության մասին»:
Պաղպաղակ վաճառող նախկին պատգամավոր, այժմ արդեն Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը այնքան էր ոգեւորվել մարդկանց հոսքից, որ անընդհատ շեշտում էր` «ընտիր ժողովուրդ ունենք, թող ոչ մեկ մեր ժողովրդին բան չասի, հազար դրամ են գցում, ընդամենը մի պաղպաղակ վերցնում»։ Պաղպաղակ վաճառող հայտնի անձինք ինչ ասես չէին մտածել երեխաներին եւ նրանց ծնողներին գրավելու համար, գոռում էին «տաք-տաք պաղպաղակ, նոր թխած թարմ պաղպաղակ, պաղպաղակ՝ խորովածի համով»։
Անցորդները հատկապես ճանաչում էին շոու բիզնեսի ներկայացուցիչներին, ասելով, թե «վայ կինոյի տղան»։ Ներկա քաղաքական գործիչների դեմքը եւս նրանց ծանոթ էր, եւ հաճախ զարմանում էին, որ իրենց պաղպաղակ վաճառողը ԱԺ պատգամավոր է: «Պաղպաղակ, համով պաղպաղակ, եկեք առեք պաղպաղակ»,-այս բացականչություններով 6-ամյա Լիլիթ Թոխատյանը հայրիկի` դերասան Հրանտ Թոխատյանի եւ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ պաղպաղակ էր վաճառում: Նրանք, ովքեր ճանաչում էին աղջկան, ասում էին` «վա~յ, Թոխատյանի դուստրը», իսկ փոքրիկը նրանց ուղղորդում էր, ասելով, թե Թոխատյանը այնտեղ է` ծառի տակ կանգնած, այնուհետեւ դիմելով հայրիկին` երեխան նշում էր` «պապա, դու նկարվի, ես կվաճառեմ բոլորը»: Մանչուկը թեթեւացրել էր Կարինե Աճեմյանի եւ Հրանտ Թոխատյանի գործը. առեւտուրն անձամբ էր կազմակերպում: Դերասան հայրը նայում էր դստերն ու ասում. «Առեւտրականի ձիրք ունի, լրիվ մամայից է»:
Այսպիսի վառ դրվագներով հարուստ եւ հետաքրքիր օր էր հունիսի 1-ին Մանկական երկաթուղում: Անսովոր իրավիճակում հայտնված հայտնի անձինք կարողացան արագ տիրապետել նոր պայմաններին, սերտել նոր աշխատանքը եւ անցնել գործի: Ժամեր անց նրանք արդեն վարպետացած պաղապաղակ վաճառողներ էին, ովքեր գիտեն, թե ամեն հաճախորդի հետ ինչպես խոսել: Ավելին, նրանցից շատերը խոստովանեցին, որ այսօր ձեռք բերեցին նոր մասնագիտություն, եւ եթե մի օր ցանկանան զբաղվել այլ աշխատանքով, հաստատ կկարողանան պաղպաղակ վաճառել:
Հայտնի անձինք հեռացան նոր հմտություններ ձեռք բերած, երեխաները` աշխարհի ամենահամեղ պաղպաղակները համտեսած: Իսկ Քարվաճառի երեխաներին սպասվում է այս ամենի արդյունքում ձեռք բերածը, դրան կգումարվի նաեւ այս բարեգործական միջոցառումից տարված դրական էմոցիաները, բարձր տրամադրությունը, ջերմությունը եւ աշխույժ մթնոլորտը:
Նշենք, որ NEWS.am գործակալությունը կարեւորում է նման ակցիաների կազմակերպումը, անցկացումը եւ դրանում հասարակության տարբեր շերտերի ներգրավումը: Գործակալության համակարգող Արտակ Եղիազարյանը շեշտեց, որ ազատագրված տարածքներում ապրում են մեր հայրենակիցները, ովքեր առաջին գծում պաշտպանում են մեր հայրենիքը: «Ու առավել կարեւոր է այս օրով հիշել ազատագրված տարածքներում ապրող երեխաներին, որոնց մանկությունը չեք կարող համեմատել քաղաքում ապրող երեխաների մանկության հետ: Նրանք ունեն բազմաթիվ խնդիրներ, եւ մենք այս ակցիայով ցանկանում ենք մեր փոքրիկ լուման ունենալ այդ խնդիրների լուծման գործում»,- ասաց Արտակ Եղիազարյանը: Նշենք, որ NEWS.am-ը դիմել է պաղպաղակի արտադրությամբ զբաղվող մի քանի ընկերությունների: «Թամարա», «Բոնիլաթ» եւ «Աշտարակ կաթ» ընկերությունները, ծանոթանալով նախաձեռնությանը, մեծ պատրաստակամությամբ արձագանքել եւ պաղպաղակ են հատկացրել, հովանոցներն էլ տրամադրել էր «Կոկա-Կոլա Հելենիկ բոթլինգ քամփնի Արմենիա» ընկերությունը: Այս ակցիայի իրականացման համար դիմել էինք նաեւ Հայաստանի խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր ուժերին, անհատ գործիչների, շոուբիզնեսի ներկայացուցիչների, եւ արձագանքել են նրանք, ովքեր արձագանքել են:
Հիշեցնենք, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրը տարբեր ակցիաներով նշելը արդեն բարի ավանդույթ է դարձել, եւ այդ ավանդույթը պահպանվելու է ու համալրվելու նորերով:
Պատրաստեց Ինգա Մարտինյանը
P. S. Հաջորդ շաբաթ հավաքված օգնությունը կհասնի իր հասցեատերերին՝ երեխաներին: Տեղեացնում ենք, որ բարեգործական ակցիան բաց է եւ օգնել ցանկացողները կարող են առաջիկա օրերին միանալ ակցիային:











