Այս օրերին ԱՄՆ-ի մայրաքաղաքում գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն հունիսի 3-ին հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինի հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից հայտնում են, որ պետքարտուղարությունում կայացած մասնավոր հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի առջեւ ծառացած ոչ միայն ներքին ժողովրդավարական, այլեւ միջազգային մարտահրավերներին առնչվող հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ հակամարտության արդարացի կարգավորումը եւ 1915թ. Հայոց ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման իրական ճանաչումը:

Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես հիմնական բանախոս, ելույթ է ունեցել Ջորջ Վաշինգթոն համալսարանի իրավաբանական դպրոցում հավաքված լսարանի առջեւ՝ բաղկացած դիվանագետներից, քաղաքական գործիչներից եւ մտավորականներից: «Զրույց Հայաստանի մասին» վերտառությունը կրող այս միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական, ռուսական եւ եվրասիական հետազոտությունների կենտրոնի (Institute for European, Russian, and Eurasian Studies), «Փոլիսի Ֆորում Արմենիա» (Policy Forum Armenia) կազմակերպության եւ Հայ իրավաբանական միության (Armenian Bar Association) համատեղ ջանքերով:

Միջոցառման ավարտին նա հարցազրույցներ տվեց տեղական եւ միջազգային լրատվամիջոցներին: