Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման գործընթացին՝ նշելով, որ Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս հեռատես քաղաքական առաջնորդության հնարավորությունները, հաղորդում է Zakon.kz-ը՝ հղում անելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը։

Բաքվում անցկացված Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների խորհրդակցության (Conference on Interaction and Confidence-Building Measures in Asia) VII գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Տոկաևը հայտարարել է, որ տասնամյակների խոր տարաձայնություններից հետո տեղի ունեցող մերձեցումը « նոր հեռանկարներ է բացում և հնարավորություններ ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի ամրապնդման համար»։

«Տասնամյակների խոր տարաձայնություններից հետո այս մերձեցումը նոր հեռանկարներ է բացում՝ հնարավորություններ ստեղծելով Արևելքի և Արևմուտքի միջև կամուրջներ կառուցելու համար»,- ընդգծել է Ղազախստանի նախագահը։

Տոկաևը միաժամանակ առաջարկել է համատեղ մշակել CICA-ի տրանսպորտային փոխկապակցվածության ռազմավարությունը։ Նրա կարծիքով՝ փաստաթուղթը թույլ կտա գնահատել տարածաշրջանի առանցքային միջազգային տրանսպորտային երթուղիների ներուժը, ներառյալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, Հյուսիս-Հարավ միջանցքը, Միջին միջանցքը և TRIPP նախաձեռնությունը։

Ղազախստանի նախագահն առանձին ուշադրություն է հրավիրել նաև էներգետիկ անվտանգությանը։ Նա նշել է, որ սահմանանց էներգետիկ ենթակառուցվածքներն ավելի հաճախ տուժում են հակամարտություններից, իսկ էներգետիկ շուկաների անկայունությունը տնտեսական աճի համար ռիսկեր է ստեղծում նույնիսկ անմիջականորեն տուժած երկրներից շատ հեռու։

Որպես տարածաշրջանային համագործակցության օրինակ՝ Տոկաևը նշել է Ղազախստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև կանաչ էներգիայի մատակարարումների ոլորտում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը։ Այն հիմք է ստեղծում Կասպյան կանաչ էներգետիկ միջանցքի ձևավորման համար, որը պետք է միավորի երեք երկրների էներգահամակարգերը և ապահովի դրանց հետագա կապը եվրոպական շուկաների հետ Սև ծովի միջոցով։

Տոկաևը հոկտեմբերի 14-ին ժամանել է Բաքու՝ միջազգային գագաթնաժողովին մասնակցելու համար։ Գագաթնաժողովից հետո նա ժամանել է Երևան՝ COP 17-ին մասնակցելու նպատակով։