Ռուսաստանը համարվում է Հայաստանի ռազմավարական դաշնակից, բայց պրակտիկորեն կատարում է այնպիսի քայլեր, որոնք ուղղված են Հայաստանի թուլացմանը: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, Ռուսաստանի դեսպանատան առջեւ կազմակերպված պիկետի ժամանակ ասաց «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամ Արգիշտի Կիվիրյանը (ֆոտոռեպորտաժ): Նրա խոսքով՝ ստրատեգիական դաշնակցի հետ նման կերպ չեն վարվում: «Ամբողջ աշխարհում ստրատեգիական դաշնակցին միշտ փորձում են հզորացնել, իսկ Ռուսաստանի քայլերը մշտապես ուղղված են Հայաստանի թուլացմանը եւ սա առաջին դեպքը չէ: Սրանից առաջ մենք հիշում ենք գազի գնի մի քանի բարձրացման մասին: Այսինքն` հերթով, քայլ առ քայլ Ռուսաստանը թանկացնում է իր էներգակիրները Հայաստանի համար: Իրականացնում է «համերկրացիներ» ծրագիրը՝ հայերին տանելով բանակցելով ինչ-որ Սիբիրի չոլերում, դրանով դատարկելով Հայաստանը: Դրանից բացի՝ զենք է մատակարարում Ադրբեջանին, որի հետ Հայաստանը փաստացի գտնվում է պատերազմական իրավիճակում», - մանրամասնեց Արգիշտի Կիվիրյանը եւ ավելացրեց, որ եթե այս երկիրը կոչվում է ստրատեգիական դաշնակից, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպիսին են Հայաստանի հակառակորդները:
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ցանկացած երկրում հասարակության միասնական պայքարն է բերում արդյունքների: «Ամբողջ խնդիրն այն է, թե հասարակության որ մասը դուրս կգա պայքարի: Միայն այս մոդելի պարագայում կարող ենք հասնել նրան, որ գազի գինն իջնի, այլ պարագայում, եթե թողնես՝ կրկնակի, եռակի, քառակի կբարձրանա: Ամեն օր կբարձրանա»,- ընդգծեց Արգիշտի Կիվիրյանը:
«Կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սիլվա Ադամյանն էլ ասաց, որ իրենց բողոքի գործողություններով փորձում են կասեցնել գազի թանկացումը Հայաստանում եւ նույնիսկ իջեցնել գինը: «Մենք տնտեսագետներ ունենք, որոնք փորձում են այդ հաշվարկները կատարել: Առաջիկայում այդ հաշվարկները կկատարենք եւ կներկայացնենք, որ այս թանկացումն անհիմն է: Բայց թե որը կլինի կառավարության արձագանքը, չենք կարող ասել»,- ավելացրեց նախաձեռնության անդամը:
Նույն նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանն ընթերցելով Ռուսաստանի դեսպանին ուղղված նամակը, ասաց, որ Հայաստանի յուրաքանչյուր 3-րդ քաղաքացին աղքատ է ապրում, իսկ գազի թանկացումը բերելու է համատարած թանկացումների, ինչն էլ իր հերթին սոցիալական բունտի, քաղաքացիական անհնազանդության եւ հեղափոխության:
«Ռուսաստանի դեսպանատանը դիմում ենք այն պատճառով, որ ռուսական պետական ձեռնարկություններ են «Գազպրոմը» եւ «ՀայՌուսգազարդը»: Դիմում ենք ռուսական կողմ ներկայացնող ուժերին, որ իրենց խոսքն ասեն՝ պատրա՞ստ են այս քննարկմանը, թե՝ ոչ»,- ավելացրեց Անդրեաս Ղուկասյանը:
Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցների պաստառներում գրված էր. «Газпром», вон из Армении»:
Նամակը փոխանցելիս կազմակերպիչները հաղորդեցին, որ Թեքեյան կենտրոնում ժամը 17-ին կազմակերպելու են լսումներ՝ գազի թանկացման շուրջ եւ բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկեցին ներկա գտնվել քննարկմանը:
Բացի այդ, վաղը՝ հունիսի 6-ին, ժամը 11-ին կառավարության առջեւ լինելու է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն իր կամքից անկախ հոգեբուժարան տեղափոխված Ամալյա Նազրեթեյանի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











