Միշտ ստացվել է, որ Նարեկ Սարգսյանը ինչ-որ բան է առաջարկել եւ միանգամից բոլորն ասել են՝ ոչ: Այս մասին այսօր` հունիսի 11-ին, Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողության ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
Նա նշեց, որ ինքը վերջիններիս հետ որեւէ հետ խնդիր չունի, պետք է նրանց հարցնել, թե ինչ խնդիր ունեն Երեւանի գլխավոր ճարտարապետի հետ: «Տարիների ցանկացած ծրագիր, որն առաջարկվում է Նարեկ Սարգսյանի կողմից, այսօրվա հասարակական կազմակերպության ներկայացուցիչները փորձում են ոչ միայն տապալել, այլեւ կասկածի, անվստահություն հաղորդել, կարող եմ թվարկել, բոլորդ էլ հիշում եք, սկսած Երեւանի կառավարման մոդելից, ԱԺ-ի ցանկապատման ծրագրից, Ճարտարապետների համահայկական ֆորումից, ճարտարապետության մասին օրենքից»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը բաց մրցույթ է հայտարարել Հանրապետության հրապարակի վերակառուցման համար: Ինչպես նշեց Երեւանի ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, պետք է լուծում տրվի հրապարակի տակ ստորգետնյա կայանատեղիներ կառուցելու, հրապարակի կենտրոնում կառուցված գորգային հատվածը շահագործելու, ինչպես նաեւ Լենինի արձանի տեղում որեւէ բան կառուցելու կամ չկառուցելու խնդիրներին: Այս մրցույթը մեծ աղմուկ է բարձրացրել եւ քննարկումների տեղիք տվել:











