Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը գոհ է այսօր Երեւանում կատարվող փոփոխություններից: Այս մասին այսօր` հունիսի 11-ին, Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնականալության արարողության ժամանակ ասաց Երեւանի նախկին քաղաքապետ, ներկայումս Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը:
Նա շեշտեց, որ մայրաքաղաքն այժմ ավելի հաճելի եւ հարմար է դարձվել, տարիների ընթացքում ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծել: Նախկին քաղաքապետը նշեց, որ բազմաթիվ ծրագրեր կան, որ ինքը կցանկանար իրականացնել, եւ այժմ էլ դրանք իրականացվում են, «ուզում էի Երեւանը տեսնել ավելի գեղեցիկ, բարետես»:
Հարցին, թե կարծիք կա, որ Տարոն Մարգարյանը վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետն է, նա պատասխանեց. «Եթե կա այդպիսի կարծիք, ես չեմ կարող ժխտել դա: թե հայտարարվել է, որ 20 տարվա լավագույն քաղաքապետն է, հավանաբար այդպես է»:
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն է այդպես հայտարարել, նա նկատեց` «Հանրապետականները երբեք չեն սխալվում»: Հարցին, թե ձեզնից էլ լավ քաղաքապետ է, Երվանդ Զախարյանը հայտնեց. «Եթե ՀՀԿ-ի գնահատականն է, ուրեմն այո»:











