Եթե դուք նոր եք իմանում, որ էս երկրում ազատամարտիկ կա, հավաք են անում, ես 23 տարի էդ հավաքին եմ: Այս մասին այսօր` հունիսի 11-ին, Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողության ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը` անդրադառնալով ազատամարտիկների հունիսի 12-ին նախատեսված հանրահավաքին:
«Ախր մարդուն հարցը տալուց իմացի` ում եք հարցնում, ինչ եք հարցնում»,- հանդիմանեց պատգամավորը: Հարցին, թե ծանո՞թ եք նրանց բարձրացրած խնդիրներին, նա պատասխանեց. «էնքան եմ ծանոթ, որ մի երկու հարյուր տարի պետք է ապրես»: Իսկ թե ինչու այդ խնդիրները չեն լուծվում, նա նշեց, որ «100 հազար անգամ լուծել եմ, ախր ամոթ է, որ դուք լրագրող եք, չեք իմանում, ես հարցազրույց էլ եմ տվել, նախագիծ էլ կա, ամեն ինչ էլ անում ենք, հիմա 35 հազար երկրապահ կա, որ իրանց հարցերը լուծվում ա: Ես ինչ կարողանում եմ էս երկրի մեջ էնքան եմ անում, սկի ոչ մի հեր իրա երեխու համար չի կարում անի»:
Նա նշեց, որ օրինագիծ են մշակել, արդեն շրջանառության մեջ է, խորհրդակցել են բոլորի հետ, թե ինչ կարող են անել, որպեսզի ազատամարտիկների խնդիրները լուծեն:
Ինչ վերաբերում է բանակում տեղի ունեցող սպանություններին, Մանվել Գրիգորյանը այսպես հակադարձեց. «Նոր եք իմանում, 25 տարի ա դեպքեր ա, զոհեր ա: Տենց բան չկա, էտի թուրքերն են անում: Դեպք է, կպատահի, տունը երկու եղբայր են լինում, իրար հետ խնդիրներ են ունենում: Ախպեր ջան, բա էդքան զինվոր, զենք, կլինի, չեպե էլ կլինի, բա պատերազմող երկիր ենք: Վատ է, որ դուք տենց բաները մեկնաբանում եք ուրիշ ձեւի, 18 տարեկան երեխու ձեռը զենքը տվել եք, հանել եք սահմանի վրա, հետո էլ ուզում եք չեպե չլինի՞»:











