Արցախի Քարվաճառի շրջանի Նոր Վերինշեն գյուղի դպրոցը 51 աշակերտ ունի, իսկ դպրոցի ամենամեծ խնդիրը մաթեմատիկայի ուսուցչի բացակայությունն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Նոր Վերինշեն գյուղի դպրոցի տնօրեն Շահեն Մարգարյանը:

Մոտ 250 բնակիչ ունեցող գյուղում դպրոց են հաճախում 51 աշակերտներ, չկա միայն 11-րդ դասարանը, մյուս դասարանները համալրված են: Դպրոցն այս պահին 19 աշխատող ունի: Շահեն Մարգարյանի խոսքով, դպրոցի ամենամեծ խնդիրը մաթեմատիկայի ուսուցչի բացակայությունն է: «Եթե մաթեմատիկայի մի մասնագետ լինի, դպրոցը պրոբլեմ չի ունենա: Եթե ուսուցիչ լինի, ժամերով կապահովենք, նաեւ տնով կապահովենք»,- նշեց տնօրենը: Վերջինիս խոսքով, տաղանդավոր երեխաներ կան, որ հրաշալի մաթեմատիկոսներ կարող են դառնալ, սակայն ուսուցչի բացակայությունը նեղում է:

Դպրոցն ունի անհրաժեշտ բոլոր դասագրքերը, կա նաեւ գեղարվեստական գրականություն: «Պատմավեպեր չունեինք, բերեցին: Ավթանդիլյան Արթուրը, Սեյրանը՝ Ստեփանակերտից: Բերեցին, սիրուն գեղարվեստական գրքեր: Շատ շնորհակալ եմ նրանցից»,- նշեց Շահեն Մարգարյանը:

Նա նաեւ նշեց, որ դպրոցը երկհերթ է, Արցախի նախագահը խոստացել էր սենյակներ ավելացնել, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով որոշվեց կիսել սենյակները, եւ այդ ժամանակ նորմալ դասապրոցես կլինի:

54 տնտեսություն ունեցող գյուղում Հայաստանից նոր եկողներն են քիչ, վերջինը նախանցած տարի է եկել, Ապարանից, ներկայումս բուժքույր է աշխատում: Տուն չկա, շինարարություն չի իրականացվում: Ցանկացողներ շատ կան, ուղղակի բնակվելու հնարավորություն չկա, մանրամասնեց Շահեն Մարգարյանը: Նրա խոսքով,  Նոր Վերինշենի բնակիչները հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, ծառայում են զինված ուժերում պայմանագրային հիմունքներով: «1-2 մարդ կա, որ չի աշխատում, նրանք էլ անասնապահությամբ են զբաղվում: Սոցիալական վիճակը տարեցտարի լավանում է»,- ասաց տնօրենը:

Շահեն Մարգարյանը նշեց, որ քարվաճառցիները բացառում են երբեւէ ազատագրված տարածքները ետ վերադարձնելու հնարավորությունը: «Ով կփորձի հողերը հետ հանձնել, գյուղացիներն անձամբ այդ մարդու գլուխը կջարդեն»,- ազդարարեց դպրոցի տնօրենը: