Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հերքում է իր՝ Սյունիքի մարզպետ նշանակվելու մասին լուրերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անձամբ Արմեն Մովսիսյանը: «Ես նման բան չեմ լսել, ունեմ աշխատանք, հանձնարարություններ, որը պետք է անեմ»,- նշեց նա:
Արմեն Մովսիսյանն, անդրադառնալով Սյունիքի մարզպետի պաշտոնի հավանական թեկնածուներին, նշեց, որ չի կարող ասել, թե ով լավագույնս կծառայի սյունեցիներին «բոլորն էլ արժանի մարդիկ են, բայց խնդիրներից ելնելով պետք է ընտրություն կատարվի»:
«Սյունիքում ինչ կատարվում է, ինձ տանում են այնտեղ, նույնիսկ` քաղաքապետ: Ես իմ կուսակցության զինվորն եմ, ինչ հանձնարարություն եղավ, ես կգնամ»,- ասաց նախարարը:
Սյունեցի նախարարը նշեց, որ վերջին դեպքերը ցավալի են, գնահատականների առումով սպասենք քննության ավարտին: Դեպքից հետո Արմեն Մովսիսյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ չի խոսել, «առիթ չի եղել տեսնելու», նա չի ճանաչում Բուդաղյանների ընտանիքին:











