Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին Վահե Ավետյանի սպանության գործով դատարան չեն կանչել, ինքն է գնացել, քանի որ բազմաթիվ շահարկումներ, հայտարարություններ եղան տուժողի փաստաբանների կողմից, թե վախենում է, խուսափում է: Այս մասին Կոմիտասի անվան պանթեոնում NEWS.am-ի եւ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց անձամբ Ռուբեն Հայրապետյանը:
«Ես գնացել եմ դատարան, ասել եմ` ես եկել եմ, տվեք ձեր հարցերը, 20 րոպե կանգնելուց հետո այդպես էլ չկարողացան հարցեր տային, մտքեր շարադրեին: Իրականում իրենք լավ էլ գիտեն, որ հարց տալու բան չունեն ինձ, գործին շատ ավելի լավ էին ծանոթ, սպասում էի, որ հարցերը տային, չեն տալիս, թողել եմ, եկել»,- ասաց նա:
Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ ինքն ասել էր` հիմք ընդունեք նախաքննական ցուցմունքները, որովհետեւ ավելացնելու ոչ մի բան չունի, «ինչ նախկինում ասել էի, ասել էի հիմք ընդունեք, որովհետեւ ավելացնելու բան չունեմ»: Նա շեշտեց, որ մեզնից համարյա շատ բանով չի տարբերվում դեպքի մասին իմանալով, «իմացել եմ կես ժամ հետո, Աստված էի կանչում այնտեղ լինեի, կամ տեղյակ լինեի, որ նման բան է եղել»:
«Չեմ կարող անիվը հետ պտտել եւ մարդկանց շատ բան ապացուցել, նախ այն մարդիկ, որոնք պահում էին իրենց այդ ձեւով, նրանք կհամարաձկվեի՞ն անել, կամ իմ ներկայությամբ իրենց թույլ կտայի՞ն այդպես պահեին: Կերազեի, որ ես այնտեղ լինեի կամ մեկը խելք ունենար, զանգեր ինձ ասեր»,- ասաց նախկին պատգամավորը:
Իսկ թե որտեղից է գալիս մտայնությունը, որ կարելի է մարդուն այնքան ծեծել, որ նա մահանա, Ռուբեն Հայրապետյանի կարծիքով` դա գալիս է ցինիկությունից, լկտիությունից, տգիտությունից: Նա չէր սպասում, որ այդ մարդիկ կարող էին նման բան անել, «ազնվորեն ոչ, ես գոնե նրանց գիտեմ, նրանք այդպես համարձակ տղաներ էլ չեն, որ իրենց ներկայացնում էին»:
«Իմ ամենամեծ ցավը դա է, երբ նրանք ինձ տեսնում էին, իմ առկայության ժամանակ իրենց ոնց էին պահում, որ ասում եմ, ամեն ինչ կտայի, որ այնտեղ լինեի, դրա համար եմ ասում, տեսնեմ կհամարձակվեի՞ն: Այո, չեմ ուզում թաքցնել, մենք ունենք մեղավորություն, իմ մեղավորությունն այն է, որ ունեմ 1560 աշխատող, բազմաթիվ բարեկամներ, ուղղակի ձեւը չեմ գտնում ոնց կառավարեմ, օրական մեկը մի դուռակություն, մի հիմար բան անում է, ամեն ինչը կոտրվում է իմ վրա, ինչ է թե իմ ազգականն է: Ես ազգական ունեմ, որին դեմքով մի տասը տարի չեմ տեսել, մի բան լինում է, գրում են Ռուբեն Հայրապետյանի ազգականը: Այո, դա մեր մեղքն է, ուղղակի ես ձեւը չեմ կարողանում գտնել նրանց կոպիտ ասած գամերը քաշելու»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Նա նշեց, որ «արհեստականորեն իր շուրջ ստեղծեցին հրեշի կարգավիճակ, մինչդեռ մի քիչ ուսումնասիրելուն պես կտեսնենք, որ ինքն այն մարդը չէ, որ լկտիությունը հանդուրժի, իր ամենամոտ հարազատներին պատժում է շատ խիստ»:
Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ չի հետեւում դատական նիստերին, թռուցիկ լսել է ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պահվածքի մասին, «ցինիկության դրսեւորում է, զարմացա, որ նման ձեւ է պահում, իրականում նա այդ տեսակը չէ, ինչքան ես ճանաչում եմ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:
Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:
Հուլիսի 31-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը նախկինում առաջադրված մեկ մեղադրանքի փոխարեն երեք մեղադրանք էր առաջադրել: Վերաորակված մեղադրանքն առաջադրվել է բոլոր վեց կալանավորվածներին: Նոր մեղադրանքով նրանք մեղադրվում են 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը , որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից եւ անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), եւ 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):











