Ամուրի երկրամասում Ռուսաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ ռուս ազգություն գոյություն չունի` այդ կերպ առաջացնելով բլոգերների զայրույթն ու գրավելով դատախազության ուշադրությունը: Եգոր Մատվեենկոն այդ մասին հայտարարել է քաղաքի երիտասարդ բնակիչների անձնագրերի հանձնման արարողության ժամանակ:

«Այժմ դուք կստանաք փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ դուք Ռուսաստանի քաղաքացի եք: Չնայած որ դուք մինչ այդ էլ Ռուսաստանի քաղաքացիներ էիք: Դրա հետ մեկտեղ, այնպիսի ազգություն, ինչպիսին է ռուսը, գոյություն չունի: Սակայն գոյություն ունի ռուսական քաղաքացիություն: Դուք այդ իրավունքը ստացել եք ծնվելիս, մյուս արտերկրյա քաղաքացիները հատուկ քննություններ են հանձնում, բազմաթիվ տհաճ գործընթացների միջով են անցնում»,-ասել է Մատվեենկոն:

YouTube-ում տեղադրված տեսանյութի մեկնաբանները բավականին կոպիտ արտահայտություններով են հանդիմանում Մատվեենկոյին` Ռուսաստանի պատմությունը չիմանալու, «ռուսների դեմ բաց պայքարի» եւ «ռուսերեն խոսել չկարողանալու» համար, գրում է NEWSru.com-ը:

Դատախազությունը եւս անհանգստացած է տեսանյութի դիտումից հետո եւ ստուգում է կազմակերպել Մատվեենկոյի արած այդ հայտարարությունների փաստի առնչությամբ` պարզելու արդյոք չի՞ եղել իրավախախտում: