Ռուսաստանի Սամարայի մարզի Պրիվոլժսկի զինամթերքի պետական փորձարարական պոլիգոնում հունիսի 18-ի երեկոյան պայթյուններ են սկսվել, որից հետո հրդեհ է բռնկվել: Պոլիգոնի հարեւանությամբ գտնվող պահեստում կա 11 միլիոն միավոր ռազմամթերք:
Տուժել է 31 մարդ, նրանցից ինը տեղափոխվել են հիվանդանոց: Տարհանվել է շուրջ 6,5 հազար մարդ: 116 մարդ գտնվում է ժամանակավոր կացարաններում, մյուսները բարեկամների ու ծանոթների տներում են:
ՌԴ-ի Սամարայի մարզի ԱԻՆ-ի ԳՎ-ում թեժ գծի հեռախոսահամարներ են բացվել` 8/846/ 337-72-82, 8/846/ 338-96-56:
Դեպքի վայր են ժամանում նաեւ Կենտրոնական ռազմական շրջանի ռազմաօդային ուժերի եւ ՀՕՊ-ի ուղղաթիռները, որոնք համալրված են ջրցան սարքերով:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ներկայումս պոլիգոնում հրդեհը տեղայնացվել է: Հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի Նագորնի ավան, որտեղից տարհանվել է 6,5 հազար մարդ: Օդային հետախուզման շնորհիվ պոլիգոնի տարածքում հայտնաբերվել է ծխացող միայն երկու օջախ, իսկ պայթյուններ չեն եղել արդեն 1,5-2 ժամ:
Ռազմահարթակում արտակարգ դրություն է հայտարարվել: Պատահարի հետեւանքները վերացնելուն մասնակցում են ԱԻՆ-ի, ՆԳՆ-ի, երկաթգծերի եւ պաշտպանության նախարարության ուժերը: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են 600 մարդ եւ 140 միավոր տեխնիկա, այդ թվում հինգ ուղղաթիռ:
Դեպքի վայրում կարգուկանոն են ապահովում 600 ոստիկաններ: Վտանգավոր գոտում փակվել են ճանապարհները, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Քննիչները հայտնել են պայթյունների նախնական պատճառները. երաշտի եւ օդի բարձր ջերմաստիճանի պատճառով հարեւան անտառներում հրդեհներ էին բռնկվել: Կրակը կարող է անցած լինել ռազմահարթակի տարածք:











