Եգիպտոսում պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի համախոհների եւ հակառակորդների բախումների հետեւանքով զոհվել է 26 մարդ: Հուլիսի 5-ին Ալեքսանդրիայում բախումների հետեւանքով  զոհվել է 12 մարդ, որոնց մեծ մասը զոհվել է կրակոցներից, հայտնում է rbc-ն` վկայակոչելով BBC-ն:

ՆՏՎ-ն հայտնում է, որ Ալեքսանդրիայում իսկական մարտ է եղել, որտեղ ընդդիմադիրների կողմն են անցել ոստիկանները: Ցուցարարներից մեկը բարձրացել է  բարձրահարկ շենքի տանիքին, որտեղ սկսել է ծածանել ազգային դրոշը եւ վիրավորանքներ հնչեցնել Մուրսիի հասցեին: Սակայն իսլամիստները բարձրացել են տանիք եւ ամբոխի աչքի առաջ դանակահարել տղամարդուն, իսկ մարմինը նետել ցած:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, որը վկայակոչում է տեղի լրատվամիջոցներին, զոհերի թիվն անցնում է 30-ից: Միայն Ալեքսանդրիայում զոհվել է 14 մարդ: Ներկայումս այնտեղ զինվորականները կալանավորել են 150 ցուցարարի: 

Սինայի թերակղզու հյուսիսում իսլամիստների զոհ են դարձել հինգ ոստիկան եւ մեկ զինծառայող:

Հուլիսի 6-ի գիշերը Կահիրեի արեւելքում իր տանը ձերբակալվել է իսլամիստների «գորշ կարդինալ» Հեյրաթ աշ-Շաթերը: Աշ-Շաթերը մեծ ազդեցություն ունի  «եղբայրների» մոտ, եւ, միաժամանակ, նրան չի սիրում ժողովուրդը:  Նա Մուբարաքի տապալումից հետո դրել է իր թեկնածությունն առաջին նախագահական ընտրություններին, սակայն դուրս էր մնացել մրցապայքարից «քրեական անցյալի համար»: Հենց նրա թեկնածությունը հանելուց հետո էլ ասպարեզում հայտնվել էր ներկայումս պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսին, որին անվանում են «պահեստային անվադող»:

«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ Կահիրեում եգիպտական բանակի կողմնակիցները քաղաքի կենտրոնից հետ են մղել «Մահմեդական եղբայրներին»: 

Կահիրեում իսկական փողոցային մարտեր են ընթանում: Մարդիկ իրար վրա են նետում քարեր, բռնկվող նյութեր, մահակներ եւ սառը զենք են կիրառում: 

Խռովությունների ավարտից հետո քաղաքի կենտրոնում ռազմական զրահապատ մեքենաներ են հայտնվել, որոնց Մուրսիի հակառակորդները ցնծությամբ են դիմավորել: Եգիպտացի զինվորականները դիրքեր են զբաղեցրել հեռուստակենտրոնի, ԱԳՆ-ի շենքի եւ Նեղոսի կարեւոր կամուրջների մոտ: