Մոսկվայում կայացել է «Ավտոէկզոտիկա 2013» ավտոմեքենաների միջազգային 17-րդ ցուցահանդեսը: «Լուժնիկի» սպորտային համալիրում, որտեղ անցկացվում էր ցուցահանդեսը, ներկայացվել է մոտ 3000 մեքենա: Mercedes-Benz-երի, BMW-ների, Bugatti-ների եւ այլ սուպերմեքենաների շարքում ցուցահանդեսի այցելուների հետաքրքրությունը շարժել է Հայաստանից ցուցահանդեսին մասնակցող «Որոր» անունը կրող ինքնաշեն մեքենան:

Այն 1981թ-ին ստեղծել է Հենրիկ Մաթեւոսյանը, սակայն մեքենան մինչեւ այժմ գտնվում է փայլուն վիճակում ու հեշտությամբ անցել է Երեւանից միչեւ Մոսկվա ճանապարհը: «Որորը» իր անունը ստացել է դեպի վեր բացվող դռների պատվին, որոնք բացված վճակում մեքենային ծովային հայտնի թռչնի նման են դարձնում:

Նշենք, որ Մաթեւոսյանը մեքենան անընդհատ կատարելագործում է: Այն արդեն երկու միլիոն կիլոմետրի «ստաժ» ունի: Աերոդինամիկ ցածր դիմադրության շնորհիվ 1,2 լիտրանոց շարժիչով «Որորը» բացում է ժամում 180 կմ արագություն: Մաթեւոսյանի ստեղծած մեքենայի հաջողակ լինելու պատճառներից մեկն այն է նաեւ, որ մեքենայի թափքն ամբողջությամբ ապակեպլաստիկ նյութից է պատրաստված, որը ենթակա չէ կոռոզիայի: