«Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստները, երեկվա հաղթանակից հետո, այս պահին բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի մոտ (ֆոտոռեպորտաժ): Նրանք ընթերցեցին 7 կետից բաղկացած իրենց պահանջները: Պահանջներից մեկը վերաբերում է նրան, որ վերջին օրերին ուղեւորներին կրած վնասը փոխհատուցելու համար տրանսպորտի ուղեվարձը առաջիկա 5 օրերին պետք է դառնա 50 դրամ, նաեւ պահանջում են անհապաղ պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ Երեւան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին եւ նշում, որ մինչեւ նրանք հրաժարական չտան, իրենք չեն հեռանա քաղաքապետարանի մոտից:
Ոստիկանները թույլ չեն տալիս, որպեսզի ակտիվիստներն իրենց պահանջներով փաստաթուղթը փոխանցեն քաղաքապետարան:
Ակտիվիստներից Արգիշտի Կիվիրյանը լրագրղների հետ զրույցում ասաց. «Հասարակության մի մասը գտնում է, որ այս պահին առնվազն պետք է պահանջել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը, որպես այս ողջ ապօրինի գործողության պատասխանատու»: Նրա խոսքով՝ միայն այս դեպքը բավական է, որ գործն ավարտվեր քրեական պատասխանատվությամբ, այլ ոչ միայն հրաժարականով, քանի որ հենց նրա որոշումն է եղել ուղեվարձը դարձնել 150 դրամ:
Կիվիրյանը նաեւ նշեց, որ քանի դեռ Տարոն Մարգարյանը քաղաքապետ է եւ առկա է այդ հանցավոր կառույցը, հնարավոր է նորանոր ապօրինի որոշումներ կայացվեն, այսինքն քաղաքապետարանը կշարունակի իր ձեռագիրը:
Նա նաեւ ընդգծեց, որ եթե հասարակությունը շարունակի այսպես գործել, ինչպես այս 5 օրերին, ապա կարող է արդյունքի հասնել երկրում առկա մնացած խնդիրներում եւս:
Ոստիկանները փակել են քաղաքապետարանի մուտքը եւ երկար ժամանակ չէին թողնում, որ ակցիայի մասնակիցները կանգնեն քաղաքապետարանի մուտքի մոտ: 20 րոպե բանակցություններից հետո ակտիվիստներին հաջողվեց հավաքվել քաղաքապետարանի մուտքի մոտ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











