ՀԴԲ-ն գաղտնազերծել է նախկին պահեստային Ահարոն Ալեքսիսի թողած գրության բովանդակությունը, որը սեպտեմբերի 16-ին Վաշինգթոնի Navy Yard ծովակալությունում սպանդ էր կազմակերպել: Ըստ 12 մարդու սպանած հանցագործի` իրեն այդ քայլին դրդել էր «ռադիոալիքային ճառագայթումը»:
«Ես երեք ամիս է ենթարկվում եմ ցածր հաճախականություն ունեցող ռադիոալիքների ճառագայթման, եթե անկեղծ լինեմ, հենց դա էլ ստիպել է ինձ այդպես վարվել», - ասված է Վաշինգտոնի հյուրանոցի համարում հայտնաբերված գրության մեջ: Հայտնաբերված զենքի վրա հանցագործը փորագրել է. «Վերջ տանջանքներին», «Ավելի լավ է այսպես» եւ «Իմ ELF-զենքը» (extremely low-frequency, ELF` ցածր հաճախականություն ունեցող ռադիոալիքներ), հաղորդում է rbc-ն` վկայակոչելով Associated Press-ը:
Ավելի վաղ լրատվամիջոցներում արդեն տեղեկություն էր հայտնվել, որ հանցագործը հոգեկան շեղումներ է ունեցել: Այսպես, նա բողոքել էր, որ «ձայներ է լսում»: Բժիշկները «վաշինգտոնցի հրաձիգի» մոտ պարանոյա եւ քնի խանգարում էին ախտորոշել: Ալեքսիսը փորձել է բուժվել, սակայն ապարդյուն:
Ծովակալության շենքի վրա հարձակումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 16-ին: Նախօրեին ՀԴԲ-ն հրապարակել էր հսկող տեսախցիկների տեսագրությունից մի հատված, որտեղ երեւում էր, որ Ալեքսիսը որեւէ կոնկրետ մարդու չի փնտրել, այլ կրակել է պատահական աշխատակիցների վրա:











